Հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի հանրային վայրերում շուտով կգործեն փոքր բուժկետեր COVID-19-ի դեմ պատվաստումները բնակիչներին ավելի հասանելի դարձնելու համար։ EconoMood-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ամերիկահայ վիրաբույժ, հանրային առողջության մասնագետ Շանթ Շխրտումյանը, ով ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակում պատվաստումների ծրագրում իրականացնում է փորձի փոխանակում: Նրա խոսքով՝ այժմ առողջապահության նախարարությունը, պատվաստումների գործընթացը քաղաքացիներին ավելի մոտեցնելու աշխատանքի շրջանակում, քննարկում է հանրային վայրերում բուժկետեր ունենալու տարբերակը:

«Նման մշակույթ կա նաև ԱՄՆ-ում: Հայաստանում ևս քննարկվում է, և արդեն գործնական քայլեր են իրականացվում այդ ուղղությամբ: Լինի հրապարակ, խոշոր առևտրի կենտրոն թե փողոց, շուտով կգործեն բուժկետեր: Դրանք կօգնեն, որ բնակիչներն առանց դժվարությունների, խնդիրների ստանան իրենց պատվաստումները: Պատվաստումների հետ կապված բոլոր անհրաժեշտ գործընթացները, որոնք արվում են պոլիկլինիկաներում, կարվեն նաև բուժկետերում»,- տեղեկացրեց Շխրտումյանը:

Շանթ Շխրտումյանի փոխանցմամբ՝ Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացը միջազգային միտումներից հետ է ընկնում: Աշխարհի բնակչության 7 տոկոսն արդեն պատվաստվել է, կան երկրներ, ինչպես, օրինակ, Իսրայելը, որտեղ բնակչության պատվաստումների ցուցանիշը մոտ 60 տոկոսի է հասնում: Շանթ Շխրտումյանի խոսքով՝ բոլոր երկրներում էլ կան քննարկումներ, թերահավատություն պատվաստումների հետ կապված, սակայն, շատերը գիտակցում են, որ դա է կարևոր ճանապարհը:

«ԱՄՆ-ում եղավ մի պահ, որ նույնիսկ պատվաստումների հետ կապված հերթեր էին լինում: Եվ ասեմ, որ քաղաքացին պատվաստանյութ ընտրելու հնարավորություն չունի: Այդ պահին ինչ եղավ, դրանով էլ պատվաստվում է: Այսօր Հայաստանում 4 հազար 500 մարդ է պատվաստվել, ինչը ցածր ցուցանիշ է»,- ասաց Շանթ Շխրտումյանը:

Վարակի ակտիվ փուլում տեսնում էինք, որ ամեն օր միջինը 20 մահ էր գրանցվում, և եթե պատվաստումների գործընթացն ակտիվ ընթանա, ապա, ըստ մասնագետի, մահացության ռիսկը նկատելի կկրճատվի: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստման արդյունքում ստացված օգուտները մի քանի հարյուր անգամ ավելի շատ են, քան ռիսկերը: