Հետևեք մեզ նաև Telegram-ում

Երկրի ընդհանուր զարգացման, մասնավորապես տնտեսության առումով կարևոր է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը. եթե ՀՀ-ն դուրս մնա պատվաստում անցած երկրների ցանկից, ապա կարող է խնդիր առաջանալ ծառայությունների արտահանման առումով։ 2021թ. մարտին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 5.8%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նույն չափով արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

2021թ. մայիսի 4-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6.0%:

ՀՀ ԿԲ ներկայացուցիչների փոխանցմամբ՝ 2021թ-ի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության զարգացումները նախանշում են ԿԲ նախորդ կանխատեսումների համեմատ տնտեսության ավելի դրական միտումների մասին։ Համաշխարհային պահանջարկի և արտերկրից դրամական փոխանցումների ավելացմամբ, ինչպես նաև վարկավորման ավելի դրական զարգացումներով պայմանավորված՝ համախառն պահանջարկը կվերականգնվի սպասումների համեմատ ավելի արագ տեմպերով, սակայն դեռևս կմնա թույլ։ 

Ըստ ԿԲ գնահատականների՝ ավելացել են հասարակության մոտ գնաճի ապագա ընթացքի հետ կապված անորոշությունները և որոշակիորեն նաև գնաճային սպասումները։ Ներքին տնտեսությունից ևս դրսևորվում են որոշակի գնաճային ազդեցություններ: 

ԿԲ-ն կանխատեսել է, որ 12-ամսյա գնաճը, կարճաժամկետ հատվածում որոշակի արագացումից հետո, աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

ԿԲ Խորհուրդը գտնում է, որ տնտեսական հեռանկարների մասով անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը: 

Մարտին Գալստյանի խոսքով՝ արտաժույթային մասով պահուսատվորման նորմատիվի փոփոխությունը պայմանավորված է եղել դրամայնացման քաղաքականությամբ։

ԿԲ-ն հայտնել է, որ հետևում է ԱՄՆ-ում տոկոսադրույքների հնարավոր զարգացումներին, ԴՊՀ քաղաքականությանը, քանի որ այն իր ազդեցություն է ունենում զարգացող երկրների պարտիք վրա։ ԿԲ-ը տոկոսադրույքը փոփոխելով հաշվի է առել նաև վերոնշյալ ռիսկերը։

Այլ երկրներում իրականացված պետական սոցիալական աջակցության ծրագրերն իր ազդեցությունն են ունենում տրանսֆերտների ներհոսքի վրա։ 2021 թվականի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մասնավոր ոչ առևտրային փոխանցումների ծավալն աճել է մոտ 47 տոկոսով, իսկ 2021 թվականի մարտ նախորդ տարվա մարտի նկատմամաբ՝ 145 տոկոսով։ 2021 թվականի մարտին ընդհանուր փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 65.9 մլն դոլար, իսկ 2021 թվականի հունվար-մարտին՝ 129.1 մլն դոլար։ 

Մարտին Գալստյանը նշել է, որ հավանական է, որ ԿԲ-ն կվերանայի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումը։