Հետևեք մեզ նաև Telegram-ում

Այս տարի ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցելու դիմումների ընդունման վերջնաժամկետը մայիսի 31–ն է։ EconoMood-ն այս մասին տեղեկանում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանից։

ԿԳՄՍ նախարարությունը կախված դիմումների քանակից Գնահատման և թեստավորման կենտրոնի միջոցով պլանավորելու է ատեստավորման կազմակերպման գործընթացը։ Մինչև օգոստոսի 20–ը կհրապարակվեն համապատասխան քննությունների օրերի ժամանակացույցը։ Նախատեսվում է, որ սեպտեմբերին կիրականացվի գիտելիքների ստուգման բուն գործընթացը, որի ընթացքում այն ուսուցիչները, որոնք կցուցաբերեն 80-90% արդյունք կստանան աշխատավարձի 30% հավելավճար, իսկ այն ուսուցիչները, որոնք կցուցաբերն 90% և ավելի արդյունք կստանան աշխատավարձի 50% հավելավճար։

«Այս տարի իրականացնում ենք այն ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթաց, որոնք դասավանդում են 7-12–րդ դասարաններում հայոց լեզու, գրականություն, հանրահաշիվ, երկրաչափություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն առարկաներ։ Բոլոր այս առարկաները դասավանդող ուսուցիչները կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն և մասնակցել ատեստավորման գործընթացին, որն իրենից ներկայացնում է գիտելիքների ստուգման գործընթաց։ Արդյունքում, ուսուցիչներին  հնարավորություն է տրվում աշխատավարձի 30-50 % չափով հավելավճար ստանալ` կախված այն արդյունքից, որը կցուցաբերեն»,–ասաց փոխնախարարը։

Ժաննա Անդրեասյանի խոսքով` գործընթացը բավականին հեշտացվել է, ավելորդ ոչ մի փաստաթուղթ չի պահանջում, ընդամենը դիմում, որ ուսուցիչը ցանկանում է մասնակցել ատեստավորման գործընթացին և տեղեկանք դպրոցից, որով կհավաստվի, որ տվյալ ուսուցիչը 7-12–րդ դասարաններում նշված առարկաներից որևէ մեկը դասավանդում է և դիպլոմի պատճեն։

Փաստաթղթերը կարելի է հանձնել թե՛ առձեռն, թե՛ էլեկտրոնային տարբերակով։ 

«Նախնական գնահատականներով ակնկալում են ստանալ 2000-ից ավելի դիմումներ, որոնցից մոտ 1500 ուսուցիչներ կկարողանան տարեվերջին այդ հավելավճարները ստանալ»,- նշել է Անդրեասյանը։

Առաջիկայում Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից կհրապարակվի կոնկրետ առարկաների մասով պահանջվող գրականության ցանկերը, ինչպես նաև կլինեն ուղեցույցներ, որոնք թույլ կտան պատկերացում կազմել, թե ինչպիսի հարցեր և ինչպիսի պատասխաններ է ենթադրում գիտելիքի ստուգման գործընթացը։

Ատեստավորման գործընթացին կարող են մասնակցել նաև այն ուսուցիչները, որոնք համատեղ  դասավանդում են բուհում։ Իսկ այն ուսուցիչները, որոնք համատեղության կարգով մի քանի դպրոցում են աշխատում, կարող են դիմել իրենց հիմնական աշխատավայր հանդիսացող դպրոցից։ Եթե ուսուցիչը դասավանդում է մի քանի առարկա, պետք է իր ցանկությամբ ընտրի դրանից մեկը և մասնակցի ատեստավորման գործընթացին։