Հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանում ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համախառն ներքին արդյունքը կրճատվել է ավելի քան 3 տոկոսով՝ կազմելով 1 տրլն 284 մլրդ ՀՀ դրամ։ Դիտարկվող ժամանակահատվածում աճ են գրանցել գյուղատնտեսության և շինարարության ոլորտները՝ համապատասխանաբար 1.5 և 3.8 տոկոսով։ 

Արդյունաբերության և առևտրի ու ծառայությունների ոլորտների բացասական ազդեցությունը ՀՆԱ-ի վրա կազմել է համապատասխանաբար 0.76 և 2 տոկոսային կետ։ ՀՆԱ-ին դրական են նպաստել գյուղատնտեսության և շինարարության ոլորտները՝ 0.06 և 0.13 տոկոսային կետով։

Արդյունաբերության ոլորտի ճյուղերից աճ է գրանցել հանքարդյունաբերությունը՝ շուրջ 11 տոկոսով, ջրամատակարարման, կոյուղի, թափոնների կառավարման և վերամշակման գծով աճը կազմել է 11.7 տոկոս, իսկ էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման գծով՝ 3.7 տոկոսով աճ։

Մշակող արդյունաբերության ոլորտում անկումը կազմել է 15.5 տոկոս։ Տեղեկատվության և կապի ոլորտում աճը կազմել է 13 տոկոս, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտի աճը՝ 18.6 տոկոս։ Կտրուկ անկում է գրանցվել մշակույթի, զվարճությունների և հանգստի գծով՝ շուրջ 34 տոկոսով։

Վերջնական սպառումն առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ կրճատվել է 1 տոկոսով, համախառն կուտակումը՝ 32.7 տոկոսով։ Արտահանման և ներմուծման գծով անկումը կազմել է 22 տոկոս։

Դիտարկվող ժամանակահատվածում բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 433 հազար 286 ՀՀ դրամ կամ 827 ԱՄՆ դոլար։