Հետևեք մեզ նաև Telegram-ում

Հունիսին պարենի հումքային ապրանքների համաշխարհային գները 12 ամսվա ընթացքում առաջին անգամ նվազել են: EconoMood-ի փոխանցմամբ՝ Միավորված ազգերի Պարենային և գյուղատնտեսական կազմակերպությունը (FAO) հրապարակել է պարենային գների ինդեքսի միջին մեծությունը, որն արտացոլում է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխությունները։ Այն հունիսին կազմել է 124,6 կետ, ինչը 2,5 տոկոսով ցածր է, քան մայիսին, սակայն դեռևս 33.9 տոկոսով բարձր է 2020 թվականի ցուցանիշից: 

Հունիս ամսվա անկումը պայմանավորված է բուսական յուղերի, հացահատիկային ապրանքների գների անկմամբ, կաթնամթերքի գների որոշ փոփոխությամբ և մսի ու շաքարի ավելի բարձր գնանշումներով։

2021թ.-ի մայիսին 2013թ.-ի հունվարից հետո եգիպտացորենի միջազգային գները իրենց ամենաբարձր մակարդակին հասնելուց հետո հունիսին նվազել են 5 տոկոսով, այնուամենայնիվ մնացել են ավելի քան 72 տոկոսով բարձր, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Բուսական յուղերի գնային ինդեքսը հունիսին միջինում 157.5 կետ էր՝ մայիս ամսվա համեմատ նվազելով 9.8 տոկոսային կետով։ Ամսեամիս գրանցվող զգալի անկումը հիմնականում գրանցվել է արմավենու, սոյայի և արևածաղկի յուղերի ցածր գների պատճառով։

Կաթնամթերքի գնային ինդեքսը հունիս ամսին միջինում 119.9 կետ է, ինչը մայիսի համեմատ ցածր է 1 տոկոսային կետով՝ վերջ դնելով 12-ամսյա անընդհատ աճին։ Այս մակարդակում, ինդեքսի արժեքը 22 տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից։ Հունիսին, ինդեքսում ներկայացված բոլոր տեսակի կաթնամթերքների միջազգային գնանշումներն ընկել են, իսկ կարագը գրանցել է ամենաբարձր անկումը, ինչը պայմանավորված է ներմուծման համաշխարհային պահանջարկի արագ նվազման և պաշարների աննշան ավելացման պատճառով, հատկապես Եվրոպայում։ Կաթի փոշու գները ևս անկում են ապրել, ինչին նպաստել է գնումների կրճատումը Չինաստանի կողմից, ինչպես նաև արտադրության անկումը։

Հունիսին մսի գնային ինդեքսը կազմել է 109.6 կետ, ինչը 2.1 տոկոսային կետով ավել է մայիս ամսվա իր վերանայված արժեից՝ շարունակելով աճն 9-րդ ամիսն անընդմեջ և 15.6 տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա համախատասխան ամսվա ցուցանիշից։ Բայց միևնույն ժամանակ, դեռ 8 տոկոսային կետով զիջում էր 2014թ.-ի օգոստոսին հասած ցուցանիշին։ Հունիսին ինդեքսում ներառված մսի բոլոր տեսակների գնանշումները բարձրացան՝ հիմնականում պայմանավորված ներմուծման կայուն պահանջարկով։ Արևելյան Ասիայի որոշ երկրների կողմից ներմուծման աճը կոմպենսացնում է Չինաստանում մսի գնման դանդաղեցումը՝ հատկապես խոզի մսի։ 

Ձեթերի գնային ինդեքսը հունիսին իջել Է 9,8 տոկոսով՝ հասնելով չորս ամսվա ընթացքում նվազագույն ցուցանիշին: Նշվում Է, որ անկումը տեղի է ունեցել արմավաձեթի, սոյայի եւ արեւածաղկի ձեթի համաշխարհային գների նվազման պատճառով: Հացահատիկի գների ինդեքսի մեծությունն իջել Է 2,6 տոկոսով, իսկ կաթնամթերքինը՝ 1 տոկոսով: