Հետևեք մեզ նաև Telegram-ում

Պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ (թույլտվություններ, հավաստագրեր) տրամադրելու համար կսահմանվի մոտ 15% պետական տուրք։ EconoMood-ի հաղորդմամբ՝ սույն փոփոխության արդյունքում արտահանման ծավալների պահպանման պայմաններում պետական տուրքի առաջարկվող դրույքաչափերի դեպքում ընդհանուր առմամբ բյուջեի տարեկան մուտքերը կկազմեն շուրջ 72 մլրդ դրամ։

Նախագծի իրականացման նպատակն է՝

  • երկրի ընդերքի շահագործումից գեներացվող բարձ շահույթն ուղղել մշակող արդյունաբերության և հանքարդյունաբերության ոլորտում ռազմավարական ակտիվների զարգացմանը և արդյունաբերական արժեշղթաների խորացմանը,
  • խթանել հանքերի առավել արդյունավետ շահագործմանը և գործող հանքավայրերի արտադրողականության բարձրացմանը` նոր տեխնոլոգիաների ներդրմամբ,
  • խթանել շրջակա միջավայրի նկատմամբ առավել պատասխանատու հանքարդյունաբերությանը` հնարավորինս նվազեցնելով վնասակար արտանետումները:

Այսօր ոլորտում գեներացվում է գերշահույթ, որը, ըստ Էկոնոմիկայի նախարարության ուսումնասիրությունների, արդյունավետ չի հարկվում։ Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել կտրուկ քայլեր և կիրառել խնդիրը կարգավորող կարճաժամկետ գործիք, հետագայում երկարաժամկետ լուծումներ տալու նպատակով։

ԷՆ նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի խոսքով՝ նշված փոփոխության իրականացման արդյունքում 2021թ.-ի բյուջեն տարեվերջին կավելանա շուրջ 30 մլրդ. դրամով: Պետական տուրքը պլանավորվել է սահմանել մոտ 15% միջազգային շուկայում եղած գների համեմատ:  Նախարարը լրացուցիչ նշել է, որ նույն փոփոխությունը իրականացվել է նաև Ռուսաստանի Դաշնությունում, որի արդյունքում մոտ 160 մլրդ. ռուբլի լրացուցիչ եկամուտ է ստանալու ռուսական բյուջեն: