Հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ կառավարությունը 2022-2026թթ. համար նպատակադրում է ապահովել տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ։ EconoMood-ն այս մասին տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Հայաստանի կառավարությունը հուլիսի 12-ին տեղի ունեցած արտահերթ նիստում հաստատել է ՀՀ 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ) և Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների ռազմավարական ծրագիրը:

Նշենք, որ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ձևավորվում է առաջիկա եռամյա ժամանակահատվածի համար։

Ըստ այդմ՝ ՀՀ 2022-2024 թվականների պետական բյուջեների եկամուտները կանխատեսվել են հա­մա­պա­­տաս­խա­նա­բար` 1,819.2, 1,966.7 և 2,148.3 մլրդ դրամի չափով: Եկա­մուտ­­­ների տա­­րեկան ծրա­գրա­յին ծավալները կապահովվեն հիմնականում ի հաշիվ հար­կային եկա­մուտ­ների:

Ինչ վերաբերում է տնտեսական աճին, 2022-2026թթ. համար ՀՀ կառավարությունը նպատակադրում է ապահովել տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ:

«Միջնաժամկետ ծախսերի ծրագրում մենք առաջարկում ենք բարձր աճի սցենար՝ առաջիկա ժամանակահատվածի համար 7 տոկոս, որը կայուն տնտեսական աճի առաջարկ է իր մեջ պարունակում, իհարկե, հավակնություններ ունենալով, որ կարող է նաև ավելի բարձր լինել», - նիստում փաստաթուղթը ներկայացնելիս նշել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

Նշվում է, որ նման բարձր աճերի հասնելու համար ապագա տարիներին Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա ՀՀ կառավարության ծրագրով նախանշված առաջարկի վրա հիմնված տնտեսական աճի մոդելով: Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը միտված կլինի կառավարության պարտքի բեռի նվազեցմանը և երկարաժամկետ տնտեսական աճի խթանմանը: Բարձր տնտեսական աճի պայմաններում նախատեսվում է սահուն կերպով նվազեցնել կառավարության պարտքի բեռը:

«2023 թվականից սկսած նշված սցենարի իրկանացման դեպքում մենք կունենանք 60 տոկոսից ցածր պարտք/ՀՆԱ հարաբերակցություն, ինչը նշանակում է, որ մենք լրացուցիչ կապիտալ ծախսերի քննարկման հնարավորությունը չենք սայհմանափակում», -նշել է նախարարի պաշտոնակատարը: