Հետևեք մեզ նաև Telegram-ում

Կորոնավիրուսային հիվանդության և դրա «Դելտա» շտամի տարածման մեծ, իսկ պատվաստման ցածր տեմպերը ստիպում են տարբեր երկրների կառավարություններին COVID-19-ի դեմ պատվաստումները պարտադիր դարձնել բուժաշխատողների և ռիսկի խմբերում գտնվող անձանց համար: EconoMood-ի փոխանցմամբ այս մասին անդրադարձել է անգլիական Reuters-պարբերականը։

Ավստրալիան հունիսի վերջին COVID-19-ի դեմ պատվաստումները պարտադիր դարձրել է տարեցների խնամքով զբաղվող աշխատողների և կարանտինային հյուրանոցների աշխատակիցների համար: Պատվաստումը պարտադիր է դարձել նաև Պարաօլիմպիկ մարզական մրցաշարին մասնակցող` Տոկիո մեկնած մարզիկների համար:

Անգլիայում խնամքի տան աշխատողների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր կդառնա հոկտեմբերից:

Հուլիսի 12-ին Մակրոնը հայտարարել է, որ մինչև սեպտեմբերի 15-ը Ֆրանսիայում բոլոր բուժաշխատողները պարտադիր կպատվաստվեն: Բացի այդ, նրանք, ովքեր ցանկանում են կինոթատրոն գնալ կամ գնացք նստել, պետք է պատվաստման ապացույց կամ թեստի բացասական պատասխան ներկայացնեն:

Հունաստանը հուլիսի 12-ին պատվաստումները պարտադիր է դարձրել ծերանոցների աշխատողների համար, սեպտեմբերից` նաև բուժաշխատողների համար: Միայն պատվաստվածները կկարողանան այցելել բարեր, կինոթատրոններ և այլ փակ տարածքներ:

Ինդոնեզիան COVID-19-ի դեմ պատվաստումները պարտադիր է դարձրել փետրվարին, ավելին` մայրաքաղաք Ջակարտայում պատվաստումից հրաժարվողները տուգանվում են 357 դոլարի չափով:

Իտալիայի կառավարության կողմից մարտին հաստատված հրամանագրով առողջապահության ոլորտի աշխատողները` ներառյալ դեղագործները, պարտադիր պատվաստվում են:

Ղազախստանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ պարտադիր պատվաստման կամ ամենշաբաթյա թեստավորման կարգ կհաստատվի` 20-ից ավելի մարդկանց խմբում աշխատող անձանց համար:

Լեհաստանը պատրաստվում է ռիսկային խմբի անձանց համար օգոստոսից COVID-19-ի դեմ պատվաստումները դարձնել պարտադիր:

Հունիսի վերջին Մոսկվան նոր կարգ է մտցրել, որի համաձայն` սրճարանները, ռեստորանները կսպասարկեն միայն պատվաստման վկայական կամ թեստավորված քաղաքացիներին: Բացի այդ, Ռուսաստանը ծրագրում է սպասարկման ոլորտի աշխատողների 60%-ի համար պատվաստման պարտադիր պահանջ մտցնել մինչև օգոստոսի 15-ը:

Սաուդյան Արաբիան մայիսին հանձնարարեց պետական և մասնավոր հատվածի բոլոր աշխատողներին աշխատավայր ներկայանալ պատվաստված` առանց հստակեցնելու ժամկետներ: Օգոստոսի 1-ից պետական, մասնավոր կամ կրթական հաստատություններ մուտք գործելու և հասարակական տրանսպորտից օգտվելու համար նույնպես պատվաստված լինելու պահանջ կգործի:

Թուրքմենստանի առողջապահության նախարարը հուլիսի 7-ին հայտարարել է, որ պատրաստվում է պատվաստումը պարտադիր դարձնել 18-տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար: