Հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ կառավարության պարտքը հիմա իրոք ավելի բարձր է, քան ՀՆԱ–ի (այսինքն` երկրի տնտեսության) 60%-ը. 2020-ի վերջի դրությամբ այն կազմում էր 63,5%։ Սակայն կան մի քանի գործոններ, որոնք էապես նվազեցնում են պարտքի իրական բեռը։

Վերջին տարիներին նախևառաջ աճում էր ներքին պարտքի տեսակարար կշիռը. 2009-ին այն կազմել է ընդհանուր պարտքի մոտ 14%-ը, իսկ 2020-ի վերջում` արդեն գրեթե 25%–ը, նշում է ՀՀ ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը։

Սա կարևոր է այնքանով, որ ներքին պարտքն ավելի հեշտ է սպասարկել. դրա վրա չեն ազդում փոխարժեքի ռիսկերը, անհրաժեշտության դեպքում այն ավելի հեշտ է վերաձևակերպել։ Բայց ամենաէականը` այդ գումարը մնում է երկրի ներսում, մասնակցում տնտեսական շարժին, իսկ դրա մի մասն էլ հարկվում է, այսինքն` վերադառնում պետական բյուջե։

«Իհարկե, պարտատոմսերի տոկոսային բեռն ավելի բարձր է, բայց վերջին տարիներին այն անընդհատ նվազում է, ինչը վկայում է մեր երկրի հանդեպ ունեցած վստահության մասին։ Դրանից բացի, 2017-ից մեր երկիրը թողարկում է 30 տարվա ժամկետով պարտատոմսեր, որոնց թողարկումներն ամբողջությամբ գնվում են։ Կասկածելի երկրի պարտքը ոչ ոք չէր համաձայնվի գնել երեսուն տարով»,- ընդծել է Մարգարյանը:

Տոկոսադրույքների մասին

Կառավարության պարտքի միջին կշռված տոկոսադրույքը 2020-ի ընթացքում ոչ միայն չի աճել, այլ անգամ նվազել է` 4,8%-ից 4,3%։

Պատճառներից մեկը կախված չէր կառավարությունից. 2020-ի ճգնաժամի հետևանքով նվազել են միջազգային լողացող տոկոսադրույքները (օրինակ՝ LIBOR տոկոսադրույքը միջին տարեկան ցուցանիշը 2,32%-ից նվազել է 0.69%), իսկ այդ տոկոսադրույքներով սպասարկվող վարկերը կառավարության պարտքի մոտ 20%-ն են կազմում։

Բայց կա նաև մեկ այլ կարևոր գործոն։ Նախորդ տարիներին Համաշխարհային բանկը սկսել էր վերաձևակերպել իր` նախկինում տրված վարկերի տոկոսները, քանի որ Հայաստանը թևակոխել է «բարձր միջին եկամուտ ունեցող» երկրների խումբ` ըստ մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ի: Այսպես՝ Զարգացման միջազգային ընկերակցության գործադիր տնօրենների խորհուրդը որոշում էր ընդունել Հայաստանին նախկինում տրամադրված վարկերի մեծ մասի գծով վարկավորման պայմանների խստացման ուղղությամբ՝ հավելյալ 1.7% դրույքաչափով ավելացնելով վարկային համաձայնագրերով ամրագրված տոկոսադրույքը, որը կիրառվեց 2014 թվականի հուլիսի 1-ից: Սակայն հաշվի առնելով 2020-ի ճգնաժամային իրադարձությունները` ՀԲ–ն համաձայնել էր ժամանակավորապես (մեկ տարի ժամկետով՝ մինչև այս տարվա հունիսի 30-ը) չեղարկել տոկոսադրույքների բարձրացման որոշումը։

Վերջապես, արտարժութային պետական պարտատոմսերով (եվրաբոնդերով) վճարումներ կատարվել են նույնիսկ ամենածանր ժամանակ` 2020 թվականի սեպտեմբերի 30-ին։ Այդ ժամանակ մարվել է 2013-ին թողարկված և դեռևս շրջանառության մեջ եղած մոտ 98 միլիոն դոլարի պարտատոմս։

Սա վկայում է, որ երկիրը ցանկացած վիճակում պատրաստ է մարել իր պարտավորությունները, և սա պատճառներից մեկն էր (թեև ոչ միակը), որով 2021թ. հունվարին Հայաստանը կարողացավ տեղաբաշխել նոր 10 տարվա ժամկետով պարտատոմսեր աննախադեպ ցածր` 3.875% եկամտաբերությամբ։

«Այսպիսով, մենք ունենք մինչև մարումը տարբեր ժամկետներ ունեցող երեք պարտատոմսերի էմիսիա։ Սա շատ մեծ վստահություն է ներշնչում մեր միջազգային գործընկերներին, քանի որ նրանք ունեն մեր երկրի ռիսկերի չափման միանգամից երեք շուկայական գործիք», – ընդգծում է Մարգարյանը։

Ընդ որում` բացառված չէ, որ այս վերջին` 750–միլիոնանոց թողարկման մի մասի հաշվին կմարվեն նախորդ թողարկումները. սա արվում էր նաև նախկինում և թույլ էր տվել մեղմել 2020-ի մարման պիկը (այդ ժամանակ պիտի մարվեր 2013-ի թողարկումը, բայց դրա մի մասը մարվել է դեռևս 2015-ին և 2019-ին)։ Նույնը կարող է արվել նաև 2025 և 2029 թ մարումների համար։

 

Նյութի աղբյուրը՝ Armeniasputnik.am