Հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ-ում ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական գործոնները (տրանսֆերտների ներհոսքն ու արտահոսքը, հումքային ռեսուրսների միջազգային գների տատանումները, ազգամիջյան հակամարտությունները և այլն) իրենց ուրույն ազդեցությունն են թողնում ազգային արժույթի առաջարկի և պահանջարկի վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ տնտեսության մեջ արտարժութային միջոցների զգալի մասն ապահովվում է պղնձի խտանյութի արտահանման միջոցով և դրա արտահանման գինը կարող է համարվել որոշիչ գործոն փոխարժեքի ձևավորման համար, հետագա շարադրանքում անդրադարձ է կատարվել պղնձի գնային տատանումներին և դրանից բխող հետևանքներին:

Արժութային փոխարժեքի, մասնավորապես ԱՄՆ դոլար/դրամ փոխարժեքի մասով նախորդ տարվա մինչև 3-րդ եռամսյակը շեշտակի անկում կամ վերելք չի արձանագրվել, իսկ արդեն սեպտեմբերի վերջին օրերից սկսած  էականորեն տատանումներ են նկատվել։ Սա հիմնականում պայմանավորված է եղել 2020թ. սեպտեմբերի 27-ից սկսված արցախա-ադրբեջանական հակամարտությամբ, որն իր ծանր հետևանքներն է ունենում մինչ օրս։ Փոխարժեքի տատանումներն ինտենսիվ կերպով շարունակվեցին մինչև 2021 թ. հունիսի երկրորդ կես։

Արտարժույթի փոխարժեքի միջին տատատնումները 2020թ. -2021թ. մայիս

Արտարժույթի տատանումների վրա իրենց ազդեցությունն ունեցան նաև մարդկանց բացասական տրամադրություններն ու սպասումները, որոնք, սակայն, մեղմվեցին 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո։ Քաղաքական կայունությունը խթանեց, որպեսզի մեկ գիշերվա ընթացքում փոխարժեքը ընդունի իր գրեթե նախկին տեսքը։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ բոլոր դեպքերում էլ պատերազմի հետևանքը դարձած չբալանսավորված փոխարժեքը տնտեսության մեջ չի կարող դառնալ սոցիալական լարվածության պատճառ, քանի դեռ գնաճն իր թիրախային մակարդակում է գտնվում։ Ճգնաժամային իրավիճակներում ՀՀ քաղաքացու համար սոցիալական վիճակը կարող է բարելավել կամ վատթարանալ հիմնականում տրանսֆերտային գործառնությունների պարագայում, ինչի դինամիկան այժմ ունի աճի միտում և սկսել է կայունանալ, որն էլ իր ուղղակի ազդեցությունն է ունենալու բնակչության սոցիալական վիճակի վրա դրամի արժևորման համատեքստում:

Դրամի արժեզրկումը, սակայն իր հետ բերում է նաև տնտեսության մեջ դրական տեղաշարժեր, որոնցից հարկ է նշել արտահանվող ապրանքների տեսակարար կշռի մեծացումը: Ի լրումն նշենք, որ ՀՀ-ից արտահանվող ապրանքների հումքային բաղադրիչը ձևավորվում է նաև արտերկրից ներմուծված ապրանքներով, որը ազդում է նաև արտադրված ապրանքների գնագոյացման վրա։ Այնուհանդերձ, կարող ենք նշել, որ դրամի արժեզրկումը արտահանող սուբյեկտների շրջանում այլընտրանքային աղբյուրների նոր հնարավորություններ է ընձեռում, ինչի համար էլ անհրաժեշտ է ՀՀ-ում զարգացնել արտադրողական շուկան։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ն պղնձի խտանյութի խոշոր արտահանող է, ինչն էլ ապահովում է արտարժութային մուտքեր երկրի ներսում, առանձնահատուկ կարևորվում է պղնձի գնային անկումներն ու վերելքները ՀՀ տնտեսության մեջ: Համավարակի պայմաններում միջազգային շուկայում պղնձի գների կտրուկ տատանումներն իրենց բացասական ազդեցությունն ունեցան արժույթի փոխարժեքի վրա այն պատճառով, որ զգալի կերպով նվազեցին արտարժութային մուտքերը։ Այնուհանդերձ, գնանկումից կորուստները նվազեցնելու համար մեծացվեցին խտանյութի արդյունահանման ծավալները, ինչը, սակայն,  մեծ ռիսկեր է պարունակում հումքի ծավալները կառավարելու տեսանկյունից։   

Այժմ երկրների հետզհետե առողջացման ֆոնին, երբ աշխարհի (այդ թվում՝ ՀՀ-ի) տնտեսությունները վերադառնում են բնականոն վիճակի, փոքրիշատե մեղմվում է տնտեսական լարվածությունը։ Պղնձի գներն էականորեն աճ են գրանցում. ամերիկյան բանկի մի շարք վերլուծաբաններ կարծում են, որ պղինձը «նոր նավթի» կարգավիճակ է ստանում և դրա արժեքը մեկ տոննայի համար կարող է հասնել մինչև 20 000 ԱՄՆ դոլարի։ Ներկա տվյալներով պղնձի գինը միջազգային շուկայում մեկ տոննայի համար սահմանված է ավելի քան 9300 ԱՄՆ դոլար։ Գների բարձրացման ֆոնին անհրաժեշտ է հիշատակել ՀՀ Կառավարության կողմից «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշումը, որով առաջարկվել է պետական տուրք սահմանել պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի վրա։ Ըստ կառավարության կողմից կատարված ուսումնասիրությունների՝ ՀՀ պղնձի հանքերի զգալի մասը շահութաբեր է 5300 ԱՄՆ դոլար գնի պարագայում ու նույնիսկ 7500 ԱՄՆ դոլարի պարագայում հաշվարկված պետական տուրքի վճարումից հետո ոլորտը կմնա բավական շահութաբեր։ Այս նախագծի իրականացման նպատակը հիմնականում ոլորտից ստացվող շահույթների նպատակային օգտագործումն է, այն է՝ շահույթի ուղղումը դեպի մշակող արդյունաբերության ոլորտ, հանքավայրերի արտադրողականության բարձրացումը նոր տեխնոլոգիաների ներդրմամբ։ Նախագիծն ամեն դեպքում կարճաժամկետ լուծում է, իսկ երկարաժամկետում պլանավորվում է վերանայել ոլորտի հարկային քաղաքականությունը բոլոր ոլորտային գերատեսչությունների ներգրավմամբ։

Աղբյուրը՝ Statista.com

Պղնձի գների բարձրացումը կարող է զսպման գործիք հանդիսանալ՝ մեղմելով արժութային տատանումները, ինչպես նաև ապահովել ՀՀ տնտեսությանը արտարժութային մեծ հոսքեր, ինչը ՀՀ ԿԲ-ի համար ճգնաժամերի կամ անկումների ժամանակ տնտեսական քաղաքականություն իրականացնելու լրացուցիչ պահուստային միջոց կարող է համարվել։ Այստեղ իր առանձնահատուկ կարևորությունն է ներկայացնում պղնձի վերամշակման գործարանի բացումը, ինչն իրենից ենթադրում է ավելացված արժեքի ստեղծում, որն էլ ավելի նպաստավոր պայմաններ կարող է ստեղծել, այսինքն՝ առաջին հերթին բարելավել ՀՀ դիրքերը միջազգային շուկայում և զգալի կերպով ավելացնել նաև արտարժութային մուտքերը։

Այսպիսով, ամփոփելով նշենք, որ կորոնավիրուսի համավարակը և դրա հետևանքով ընդհանուր պահանջարկի կրճատումը, իսկ տարվա երկրորդ կեսից պատերազմն իրենց հետևանքներն ունեցան ՀՀ տնտեսության վրա, ինչն արտահայտվեց արժութային շուկայում տեղի ունեցած տատանումներով: Այնուհանդերձ, այժմ պղնձի գների կտրուկ աճ է գրանցվում, որը թերևս դրականորեն կանդրադառնա տնտեսական գործընթացների վրա: Իսկ ՀՀ Կառավարության կողմից «Պետական տուրքի մասին» օրենքում  փոփոխություն ու լրացում կատարելու մասին որոշման հաստատումը դրականորեն կանդրադառնա բյուջետային միջոցների, եկամուտների ավելացման վրա, ինչն էլ երկարաժամկետում փոխարժեքի տեսանկյունից կամրապնդի ազգային արժույթի դիրքերը:

 

Հեղինակ՝ Կառլոս Մարգարյան