Հետևեք մեզ նաև Telegram-ում

2021թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանի պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտներն ու պետական տուրքը կազմել են 750.2 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 10.3 %-ով։  EconoMood-ի հաղորդմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է կիսամյակային տվյալները։

Ըստ ՊԵԿ տվյալների՝ 2021  թվականի հունիսին հավաքագրվել է 131.8 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ամսվա 96.6 մլրդ դրամի դիմաց։ Տվյալների վերլուծությունը վկայում է, որ հարկերի ավելացման տեմպը գնալով արագանում է. 2021թ.-ի առաջին կիսամյակի ցուցանիշը գերազանցել է նաև 2019թ.-ի ցուցանիշին (713.4 մլրդ)։

Աճ է արձանագրվել գրեթե բոլոր հարկատեսակների մասով. բյուջեի հարկային ամենաշատ եկամուտներ ապահովող հարկատեսակներն են ԱԱՀ-ն, շահութահարկը և եկամտային հարկը։

Այս տարվա առաջին կիսամյակում ԱԱՀ-ի գծով բյուջե է հաշվեգրվել 242.2 մլրդ դրամ, որը կազմում է կիսամյակի ամբողջ հարկային եկամուտների շուրջ 32 %-ը։ ԱԱՀ-ի գծով հարկային եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.6%-ով։

Բյուջեի հարկային եկամուտների 28 %-ն ապահովվել է եկամտային հարկից՝ 210.5 մլրդ դրամ։ 2020թ.-ի առաջին կիսամյակի համեմատ այն ավելացել է 1.9%-ով։

Աճ է գրանցվել նաև շահութահարկի գծով. 2021թ.-ի առաջին կիսամյակում հաշվեգրվել է 108.8 մլրդ դրամ , որi տեսակարար կշիռը բյուջեի հարկային եկամուտների կիսամյակային ցուցանիշում  14.5 % է։

Ակցիզային հարկի գծով գոյացել է 43.7 մլրդ դրամ, որը կազմում է կիսամյակի ամբողջ հարկային եկամուտների շուրջ 6 %-ը։

Որոշ չափով անկում է գրանցվել շրջանառության հարկի գծով. բյուջե է հաշվեգրվել 14.3 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 3 մլն դրամով կամ 2.2%-ով։

Այս տարվա առաջին կիսամյակում մաքսատուրքերից գոյացել է 42.5 մլրդ դրամ, որը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է 42.4 %-ով։

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի գծով ապահովվել է 34 մլրդ դրամի հարկային եկամուտ, որը 17 %-ով գերազանցում է նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը։

Սոցիալական վճարները կազմել են 20.6 մլրդ դրամ, աճը կազմել է 90.5 %: Վերոնշյալից զատ, այլ հարկային եկամուտները կազմել են՝ 20.5 մլրդ դրամ, իսկ պետական տուրքը՝ 16.8 մլրդ դրամ։

Նշենք, որ ՊԵԿ տվյալների համաձայն՝ 2021թ.-ի առաջին կիսամյակում հիփոթեքային վարկի տոկոսների սպասարկմանն ուղղված եկամտային հարկի գծով տնտեսավարողներին վերադարձվել է 9.7 մլրդ դրամ գումար: