Հետևեք մեզ նաև Telegram-ում

2021թ. հունիսին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է ավելի քան 18 հազար իրավունքի պետական գրանցման գործարք, որի մեծ մասը՝ Երևան քաղաքում (32.3%), իսկ առավել ցածրը՝ Վայոց ձորի մարզում (1.7%): 

EconoMood-ի փոխանցմամբ, Կադաստրի կոմիտեն հրապարակել է անշարժ գույքի շուկայի մասին հունիս ամսվա ցուցանիշները:

2021թ. հունիսին ՀՀ-ում գրանցված գործարքների քանակը 2021թ. մայիսի համեմատ աճել է 12.4%-ով, իսկ 2020թ. հունիսի համեմատ՝ 25.5%-ով։ Ընդհանուր գործարքների առավել բարձր տոկոսաչափը՝ 35.9%, գրանցվել է օտարման, իսկ առավել ցածրը՝ 1.4%, օրինականացման գործարքների նկատմամբ։ Կատարված գործարքների մեջ մեծ տոկոսային կշիռ ունեն հողերի առուվաճառքը, որոնք կազմել են 37.8%, իսկ արտադրական նշանակության շինությունները կազմել են համեմատաբար ավելի ցածր՝ 2%: Հողերի առուվաճառքի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևան քաղաքի Մալաթիա վարչական շրջանում (24.2%), իսկ ամենացածր ցուցանիշը՝ Նորք-Մարաշում (1.6%): Վաճառված հողերի քանակի 5.6%-ը կամ 7 միավոր (0.12 հա) ընդհանուր մակերեսով հանդիսացել է պետական կամ համայնքային սեփականության, իսկ 94.4%-ը կամ 117 միավոր (13.74 հա)՝ մասնավոր սեփականության հող։

2021թ. նույն ամսին 614 առուվաճառքի գործարքի կողմ են հանդիսացել իրավաբանական անձինք, որը կազմել ընդհանուրի 12.5%-ը։ Գործարքներից 188-ի դեպքում իրավաբանական անձինք հանդիսացել են միայն գնորդ, 395-ի դեպքում՝ միայն վաճառող, իսկ մնացած 31-ի դեպքում գործարքի երկու կողմն էլ իրավաբանական անձ են հանդիսացել։ 

Անշարժ  գույքի շուկայում 384 առուվաճառքի գործարքի կողմ են հանդիսացել նաև օտարերկրյա քաղաքացիները, որը կազմել է ընդհանուրի 7.8%-ը։ 109 գործարքի դեպքում նրանք հանդիսացել են միայն գնորդ, 271-ի դեպքում միայն վաճառող, իսկ 4-ի դեպքում երկու կողմն էլ հանդիսացել են օտարերկրյա քաղաքացիներ։ Անդրադառնալով անշարժ գույքի գներին՝ հարկ է նշել, որ հունիս ամսին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների (1մ² մակերեսի հաշվարկով) շուկայական միջին գները 2021թ. մայիսի համեմատ աճել են 1.3%-ով, իսկ 2020թ. հունիսի համեմատ՝ նվազել են 2.2%-ով։ Իսկ մարզերի քաղաքներում շուկայական միջին գները 2021թ. մայիսի համեմատ աճել են 1.6-ով և 2020թ. հունիսի համեմատ՝ նվազել 0.7%-ով։