Հետևեք մեզ նաև Telegram-ում

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով մինչ օրս բնակարան է ձեռք բերել 6063 ընտանիք:  Այս մասին EconoMood-ը տեղեկացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության  հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Հայաստանում իրականացվում են բնակարանային ապահովության մի շարք ծրագրեր, որոնց շրջանակում իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրմամբ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին տրամադրվում է պետական աջակցություն: Այդ նախաձեռնություններից է 2010 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը, որի համակարգող գերատեսչություններից է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Ծրագրի հիմնական նպատակը երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների հաղթահարման գործում արդյունավետ պետական աջակցության համակարգի ներդրումն է, որն էլ նպաստում է երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, արտագաղթի նվազմանը, հիփոթեքային վարկավորման համակարգի զարգացմանը, ինչպես նաև խթան է բնակարանային շինարարության և լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման համար: 2010 թվականից ի վեր՝ ամեն տարի, «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի միջոցով հարյուրավոր ընտանիքներ առաջնային և երկրորդային շուկայից ձեռք են բերել բնակարաններ հանրապետության մարզերում և Երևանում:

ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանի խոսքով՝ հատկապես 2018-2019 թվականներին ծրագրին դիմողների թիվը զգալիորեն աճել է, ինչին նպաստող հանգամանքներից են եղել այդ տարիներին ծրագրի կարգում կատարված փոփոխությունները և լրացումները: Մասնավորապես, այժմ երիտասարդ ընտանիքը սահմանվում է հետևյալ կերպ՝ «երիտասարդ ընտանիք` ընտանիք, որտեղ ամուսինների տարիքների հանրագումարը չի գերազանցում 70-ը, կամ երեխա ունեցող միայնակ երիտասարդ ծնող»:

«Համապատասխան փոփոխություններն ավելի շատ ընտանիքների են հնարավորություն տվել դառնալու ծրագրի շահառու: Այսպես, երիտասարդ ընտանիքի տարիքային շեմը բարձրացվել է մինչև 70 տարեկան՝ առանց տղամարդու և կնոջ տարիքային որևէ շեմի սահմանմամբ: Պետության կողմից սուբսիդավորման ծավալը և շահառուների թիվը շարունակաբար ավելացել են, իսկ 2019 թվականին հասել է դեռևս առավելագույնին՝ 1196-ի: Այդ տարի Երևանում բնակարան է ձեռք բերել 499 երիտասարդ ընտանիք, մարզերում՝ 697: 2020 թվականին կորոնավիրուսի համավարակով և պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ թիվը նվազել է․ Երևանում ձեռք են բերել 323 բնակարան, մարզերում՝ 558: Այս տարվա առաջին կիսամյակում Երևանում ձեռք են բերել 117 բնակարան, մարզերում՝ 269: Եթե հաշվի առնենք, որ այժմ հետպատերազմական վերականգնման փուլում ենք, ապա երկրորդ կիսամյակի թիվը կաճի: Իհարկե, բարդ կլինի հասնել 2019 թվականի ցուցանիշին, սակայն առաջնայինը նախորդ տարվա ցուցանիշը չթերակատարելն է»,- ասել է Գոհար Մամիկոնյանը և հավելել, որ ծրագրի շահառու դառնալու համար վերոնշյալ չափանիշներին համապատասխանող ընտանիքները պետք է նախ դիմեն առևտրային բանկ: