Հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանում հունիսի տվյալներով եկամուտ ապահոված աշխատատեղերը մայիսի համեմատ ամենաշատն ավելացել են մեծածախ և մանրածախ առևտրի, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտներում, զգալիորեն ավելացել են նաև ոչ առևտրային գործունեության ոլորտի աշխատատեղերը. աճ-ը ՊԵԿ-ից պայմանավորում են մի շարք պատճառներով: EconoMood-ն այս մասին տեղեկանում է «Արմենպրես»-ի՝ ՊԵԿ ուղարկված գրավոր հարցման արդյքունքներից։ 

ՊԵԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում  հունիսին գրանցվել է 101 հազար 148 աշխատատեղ, ինչը 3491-ով ավել է նույն տարվա մայիսի նկատմամբ և 2752-ով՝ նախորդ տարվա հունիսի նկատմամբ:

Ոչ առևտրային գործունեության իրականացման ոլորտում (ոչ առևտրային գործունեություն իրականացնող սուբյեկտներ) աշխատատեղերի թիվը հունիսին եղել է 192 հազար 242, ինչը մայիսի նկատմամբ ավելացել է  1381-ով, իսկ 2020-ի հունիսի նկատմամբ՝  4856 –ով:

Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում եկամուտ ապահոված աշխատատեղերը հունիսին եղել են 27 հազար 839, ինչը 1147–ով ավել է մայիսի նկատմամբ, իսկ  6475-ով՝ նախորդ տարվա հունիսի նկատմամբ:  Սակայն օրինակ մշակող արդյունաբերության ոլորտում նկատվել է նվազում՝ նախորդ տարվա հունիսի նկատմամբ: Ոլորտում հունիսին եղել է  70 հազար 987  եկամուտ ապահոված աշխատատեղ՝ մայիսի նկատմամբ ավել   878-ով, սակայն 2020-ի հունիսի  71 հազար 936-ի համեմատ այն նվազել է:

Միկրոձեռներեցության համակարգում հունիսին եկամուտ ապահոված աշխատատեղերի (միկրոձեռներեցության համակարգում գործող սուբյեկտներ) թիվը  հասել է 32 հազար 737-ի՝ մայիսի նկատմամբ ավելանալով  558 –ով, 2020-ի հունիսի նկատմամբ՝ 9915-ով:

Մշակույթի, զվարճությունների և հանգիստի ոլորտում հունիսին եկամուտ ապահոված աշխատատեղերը եղել են 9454, ինչը  429-ով ավել է մայիսի նկատմամբ, իսկ   3791-ով՝ 2020-ի հունիսի նկատմամբ: Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում եկամուտ ապահոված աշխատատեղերը հունիսին եղել են  40 հազար 152՝ 201-ով ավելանալով մայիսի նկատմամբ,  3091-ով՝ նախորդ տարվա հունիսի նկատմամբ: Իսկ օրինակ կրթության ոլորտում հունիսին եղել է  5546 աշխատատեղ, ինչը թեև մայիսի  5844 –ի համեմատ նվազել է, սակայն նախորդ տարվա հունիսի համեմատ ավելացել է  1128-ով:

Անդրադառնալով աշխատատեղերի ավելացման պատճառներին՝ ՊԵԿ-ից նշել են. «2021 թվականի հունիսի տվյալներով եկամուտ ապահոված աշխատատեղերի թվաքանակի աճը 2021 թվականի մայիսի և 2020 թվականի հունիս ամիսների նկատմամբ կարող է պայմանավորված լինել մի շարք հանգամանքներով, մասնավորապես հարկ վճարողների ինքնահայտարարագրման մակարդակի բարձրացմամբ, հարկային վարչարարությամբ, թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերի համալրմամբ և այլն, որոնք հնարավոր չէ տարանջատել, քանի որ «Եկամտային հարկի և սոցիալական վճարի» ամսական հաշվարկներում նման տեղեկատվություն չի արտացոլվում»:

Իսկ ինչ վերաբերում է մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամտի աճի պատճառներին՝ ՊԵԿ-ից նշել են, որ հնարավոր չէ առանձնացնել, դա կարող է լինել ինչպես աշխատավարձի իրական չափերի հայտարարագրման, այնպես էլ աշխատավարձի բարձրացման արդյունքում: