Հետևեք մեզ նաև Telegram-ում

Վերամշակման գործունեություն իրականացնող վարկառուներին խաղողի մթերումների (գնումների) նպատակով յուրաքանչյուր տարի կտրամադրվի մինչև 4 մլրդ ՀՀ դրամի վարկ, 3 տարի մարման ժամկետով, 1 տարի արտոնյալ ժամկետով, իսկ մյուս ուղղությունների համար՝ 1.5 տարի մարման ժամկետով, 6 ամիս արտոնյալ ժամկետով։ EconoMood-ի հաղորդմամբ՝ Կառավարությունը նման որոշում է կայացրել այսօրվա Կառավարության նիստում:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ խաղողի մթերումների համար տրվող վարկերի ընդհանուր ժամկետը երկարաձգվել է 1 տարուց մինչև 3 տարի, իսկ արտոնյալ ժամկետը 3 ամսից մինչև 1 տարի: 

Ընդունված որոշման հիմնական նպատակն է տրամադրել տնտեսվարողներին մատչելի պայմաններով նպատակային վարկեր գյուղատնտեսական հումքի մթերումների համար:

Հարկ է նշել, որ 2020թ.-ին ծրագրի շրջանակներում խաղողի մթերումների նպատակով վերամշակող ընկերություններին տրամադրվել են մինչև 3 մլրդ ՀՀ դրամի նպատակային վարկեր՝ 2 տարի մարման ժամկետով, 0% տոկոսադրույքով, իսկ գյուղատնտեսական հումքի մյուս տեսակների մթերման նպատակով տրամադրվել են մինչև 1.8 մլրդ ՀՀ դրամի նպատակային վարկեր՝ 1.5 տարի մարման ժամկետով, 0% տոկոսադրույքով։ Ծրագրից օգտվել է 91 շահառու, որոնք գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ներգրավել են շուրջ 23.5 մլրդ դրամի վարկ։

2020թ.-ին ցուցաբերված պետական աջակցության շնորհիվ արդյունավետորեն կազմակերպվել է գյուղատնտեսական հումքի, այդ թվում՝  խաղողի մթերումների գործընթացը և մթերվել աննախադեպ քանակությամբ խաղող՝ շուրջ 235 հազար տոննա: 

Ըստ կատարված հաշվարկների՝ 2022թ.-ին ծրագրի գծով պետական բյուջեով նախատեսված ծախսերը կավելանան շուրջ 1.3 մլրդ ՀՀ դրամով, որը գրեթե ամբողջությամբ կփոխհատուցվի մթերված գյուղատնտեսական հումքի արտահանման և վերամշակումից ստացվող պատրաստի արտադրանքի արտադրության և արտահանման ծավալների ակնկալվող աճով պայմավորված պետական բյուջեի լրացուցիչ մուտքերի հաշվին։ Մասնավորապես՝ միայն շահութահարկի գծով ակնկալվող լրացուցիչ մուտքերը կկազմեն շուրջ 1044 մլն ՀՀ դրամ: