Հետևեք մեզ նաև Telegram-ում

2021թ.-ի հուլիսին HH առևտրային բանկերի կողմից ներգրավված ընդհանուր ավանդների ծավալը կազմել է 3.8 տրլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 7.7%-ով։ 

EconoMood-ի փոխանցմամբ, ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է հուլիս ամսվա ավանդների և վարկերի վերաբերյալ վիճակագրական տվյալները:

Նախորդ ամսվա համեմատ ՀՀ ռեզիդենտներից ներգրավված և՛ արտարժույթով արտահայտված ավանդների, և՛ դրամային ավանդների ծավալն աճել է: Հուլիս ամսվա դրությամբ ոչ ռեզիդենտներից ստացված ավանդները կազմել են 910.9 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ ամսվա համեմատ նվազել է 2.5%-ով, իսկ ռեզիդենտներից ստացված ավանդները կազմել են 2.8 տրլն ՀՀ դրամ, որը նախորդ ամսվա համեմատ աճել է 1.8%-ով։ Նախորդ տարվա հուլիսի համեմատ ռեզիդենտներից ստացված ավանդները աճել են 11%-ով, իսկ ոչ ռեզիդենտներից ստացված ավանդները նվազել են մոտ 1.6%-ով։  Ռեզիդենտներից ստացված ՀՀ դրամով արտահայտված ավանդներն այս տարի  2020թ.-ի համեմատ աճել են 12%-ով, իսկ արտարժույթով արտահայտված ավանդներն ավելացել են 9.8%-ով։ Տոկոսային հետևյալ ցուցանիշներից թերևս կարող ենք ենթադրել, որ ավանդատուների ՀՀ դրամի նկատմամբ վստահության մակարդակը դրական կերպով է փոփոխվել, ինչի վրա իր վճռորոշ ազդեցությունն է թողել նաև փոխարժեքի կայունացումը։

Առևտրային բանկերի կողմից ՀՀ դրամով ներգրավված մինչև մեկ տարի ժամկետով (բացառությամբ ցպահանջի) ավանդների միջին տոկոսադրույքը 2021թ.-ի հուլիսին հունիսի համեմատ ավելացել է՝ կազմելով մոտ 8.4%, իսկ ԱՄՆ դոլարով ներգրավված ավանդներինը՝ 2.04%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ դրամով ներգրավված ավանդների տոկոսադրույքը եղել է 8.1%, իսկ ԱՄՆ դոլարով ներգրավված ավանդներինը՝ 2.21%:

Հարկ է նշել, որ 2021թ.-ի հուլիսին ՀՀ դրամով ներգրավված ավանդների միջին տոկոսադրույքը տարեսկզբի և նաև ընդհանուր 7 ամսվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է: Իսկ ԱՄՆ դոլարով ներգրավված ավանդների ամենաբարձր տոկոսադրույքը նկատվել է այս տարվա մայիսին: Չնայած նշված հանգամանքին, այն էականորեն չի կարող բարձրացնել ավանդատուների տնօրինվող եկամուտը, քանի որ նույն թվականի առաջին կիսամյակում գնաճը նույնպես բարձր է եղել թիրախային միջակայքից: Մեկ տարուց ավելի ժամանակահատվածով դրամային ավանդների միջին տոկոսադրույքը 2021թ.-ի հուլիսին հունիսի համեմատ նվազել է, դոլարային ավանդներինը՝ աճել։ Իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և՛ ՀՀ դրամով և՛ ԱՄՆ դոլարով արտահայտված ավանդների տոկոսադրույքներն աճել են։