Հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի սպառողական շուկայում տարեկան գնաճը օգոստոսին կազմել է շուրջ 9%: Նախորդ ամսվա նկատմամբ գներն ավելացել են 0.4%-ով: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի վերջին  հրապարակումից:

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբում գրանցվել է ամենաբարձր գնաճը. 2021թ.-ի օգոստոսին 2020թ.-ի օգոստոսի համեմատ գներն աճել են 15.1%-ով, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.6%-ով: Վերջինիս մեծապես նպաստել են մսի, ձկան և ծովամթերքի, բանջարեղենի ապրանքախմբերում գրանցված գնաճը: 

2021թ.-ի օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9.4%, իսկ 2021թ.-ի հուլիսի համեմատ՝ 0.4% գնաճ: Համեմատաբար բարձր գնաճ է արձանագրվել նաև հագուստի և կոշիկի ապրանքախմբում՝ 10.3%: 

Հարկ է նշել, որ 2021թ.-ի օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ աճ է արձանագրվել բոլոր ապրանքախմբերում՝

  • տրանսպորտ՝ 10%
  • տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանների խնամքի ամենօրյա գործունեություն՝ 9.5%
  • ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ՝ 9.3%
  • ռեստորաններ և հյուրանոցներ` 2.6%
  • կրթություն՝ 2.1%
  • հանգիստ և մշակույթ՝ 1.8%
  • բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակներ` 1.4%
  • կապ` 0.9%:

 

2007 թվականից սկսած ՀՀ-ում որպես գնաճի նպատակային թիրախ է սահմանվել 4%-ը` ±1.5% տատանումների թույլատրելի միջակայքով: