Հետևեք մեզ նաև Telegram-ում

Պարենի համաշխարհային գները երկու ամսվա անկումից հետո օգոստոսին աճել են, ինչի հիմքում ընկած է շաքարավազի, բուսական յուղի և հացահատիկային ապրանքների բարձր գնաճը: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կայքի վերջին հրապարակումից:

Պարենի գների ինդեքսն ընթացիկ տարվա օգոստոսին կազմել է 127.4 միավոր, որը նախորդ ամսվա համեմատ աճել է 3.1%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ 32.9%-ով:

Շաքարավազի գներն օգոստոսին նախորդ ամսվա համեմատ աճել են 9.6%-ով, ինչի հիմքում ընկած է շաքարավազի խոշորագույն արտահանող Բրազիլիայում գրանցված ցրտահարության պատճառով հասցված վնասի վերաբերյալ մտավախությունները: 

Բուսական յուղի գներն օգոստոսին աճել են 6.7%-ով, իսկ արմավենու յուղի գները հասել են բոլոր ժամանակների առավելագույնին՝ արտադրության մակարդակի և Մալազիայում պաշարների կրճատման արդյունքում: Աճել են նաև արևածաղկի ձեթի գները:

2021թ.-ի օգոստոսին նախորդ ամսվա համեմատ հացահատիկի գներն աճել են 3.4%-ով:  Ի տարբերություն հացահատիկի՝ եգիպտացորենի գները նվազել են 0.9%-ով, քանի որ Արգենտինայում, Եվրամիությունում և Ուկրաինայում արտադրության աճը նվազեցրել է Բրազիլիայում և ԱՄՆ-ում  ցածր արտադրության կանխատեսումները:

Օգոստոսին մսի գները փոքր-ինչ աճել են, քանի որ Չինաստանում բարձր պահանջարկի արդյունքում պահպանվել են ոչխարի և տավարի մսի գները, իսկ Արևելյան Ասիայից և Մերձավոր Արևելքից ներմուծման մեծ պահանջարկը բարձրացրել է թռչնամսի գինը:

Կանխատեսվում է, որ 2021թ.-ին նախորդ տարվա համեմատ հացահատիկի համաշխարհային արտադրությունը կաճի 0.7%-ով, մինչդեռ ցորենի համաշխարհային արտադրությունը կնվազի 0.7%-ով, որը պայմանավորված է Հյուսիսային Ամերիկայում երկարատև երաշտի բացասական հետևանքների ազդեցությամբ, ինչպես նաև Ղազախստանի և Ռուսաստանի անբարենպաստ եղանակային պայմաններով:

Հայաստանի սպառողական շուկայում տարեկան գնաճը օգոստոսին կազմել է շուրջ 9%: