Հետևեք մեզ նաև Telegram-ում

2021թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանում ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 216 հազար 130, որը 2020թ.-ի համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է 54.2%-ով: Այս մասին EconoMood-ը տեղեկացել է Վիճակագրական կոմիտեի հրապարակումից:

Հարկ է նշել, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ներքին զբոսաշրջիկների 74%-ի ճամփորդելու նպատակը եղել է հանգիստն ու ժամանցը, իսկ 16.7%-ը ունեցել են գործնական նպատակ:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էականորեն նվազել է Հայաստանում միջազգային զբոսաշրջության ցուցանիշը՝ 22.2%: 

Ըստ պաշտոնական տվյալների՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել 239 հազար 263 զբոսաշրջիկ, իսկ Հայաստանից մեկնել է 115 հազար 546 զբոսաշրջիկ: Զբոսաշրջիկների շուրջ 66%-ը տեղավորվել են բարեկամի կամ հարազատի տանը, ինչպես նաև վարձով տրվող բնակարաններում:

Զբոսաշրջիկների հիմնական այցելությունները եղել են ՌԴ-ից, Իրանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Ուկրաինայից: Բերված տվյալներն արտացոլում են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցներ, հյուրանոցատիպ հանգրվաններ, առողջարաններ, հանգստյան տներ և այլն) հաշվառված զբոսաշրջիկներին: