Հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը 2021թ.-ի հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1.9%-ով՝ կազմելով 61 հազ. 266 մարդ։ Միաժամանակ աշխատողների թվաքանակը տարեկան կտրվածքով աճել է 3.2%-ով՝ կազմելով 652 հազ. 395 մարդ: 

Այս մասին Economood-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակումից։ 2021թ.-ի հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ աշխատողների թվաքանակը զգալի փոփոխություն է կրել կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ +24.3%, ապա տեղեկատվություն և կապ ոլորտում` +21.4%: 

Աճել է նաև մասնագիտական, գիտական և տեխնիկական  գործունեության, սպասարկման այլ ծառայությունների ոլորտներում աշխատողների թվաքանակը: Անկում է արձանագրվել մշակույթ, զվարճություններ և հանգիստ` 5.5%, պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն` 3%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 4.7% և ֆինանսական ու ապահովագրական գործունեության ոլորտներում:

Տարեկան կտրվածքով գործազրկության աճին նպաստել է աշխատանք փնտրողների թվաքանակի աճը, որը կազմել է 2.4%: Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում գործազրկության անկում նկատվել է միայն հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ նվազելով 0.4%-ով։

Գործազուրկների թիվը 2021թ.-ի հուլիսին նախորդ տարվա հուլիսի նկատմամբ 3.9%-ով նվազել է միայն Լոռվա մարզում, որտեղ գործազուրկների թիվը շուրջ 9000 մարդ է։ ՀՀ մնացած բոլոր մարզերում գործազրկությունն աճել է։

Գործազրկության մակարդակի աճ է գրանցել հիմնականում Արարատի (6.1%), Շիրակի (4.7%), Տավուշի (3%) մարզերում։

Ընդհանուրի նկատմամբ գործազրկության ամենամեծ տոկոսային ցուցանիշն ունեն Երևանը (12.3%) և հետևյալ մարզերը՝

  • Շիրակ՝ 20%
  • Լոռի՝ 14.7%
  • Կոտայք՝ 9.8%: