Հետևեք մեզ նաև Telegram-ում

Համայնքների խոշորացման գործընթացի ավարտից հետո Հայաստանը կունենա 77 համայնք, և համայնքներից առանձնացված կլինի միայն Երևանը: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնել է Գնել Սանոսյանը:

EconoMood-ի փոխանցմամբ, Կառավարության այսօրվա նիստում քննարկվել են մի շարք հարցեր կապված  «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Գնել Սանոսյանը ներկայացրել է  «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններմ և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, համաձայն որի՝ նախատեսվում է ձևավորել համայնքային փնջեր։

Նրա խոսքով՝ նախագծի իրականացման այս փուլում նախատեսվում է 441 համայնք ընդգրկել 37 համայնքային փնջերում։ Գ. Սանոսյանն առանձին ներկայացրել է, թե որ համայնքային փնջի մեջ քանի համայնք է ընդգրկվելու։ Այսպիսով, երեսուն համայնք ներառվելու է Աշտարակ համայնքային փնջի մեջ, Ապարանում՝ երկու, Թալին՝ քսանինը, Մեծաձոր՝ երկու, Արևուտ՝ վեց և այլն։

Գ. Սանոսյանը նշել է նաև, որ  Արագածոտնի մարզում միավորվող Արևուտ և Մեծաձոր ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները, համապատասխանաբար հինգ և երկու բնակավայրով, միանալու են միմյանց հետ՝ համաձայն ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի, որի շրջանակում ՀՀ-ն ունի ստանձնած պարտավորություններ։

Ստանձնած նույն պարտավորությունների շրջանակում միավորման ծրագրերում չեն ներառվել այլ համայնքներ ևս, ինչպես օրինակ Արագածոտնի մարզի Շամիրամ, Արմավիրի մարզի Ֆերիկ, Արարատի մարզի Վերին Դվին և այլ համայնքներ։

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նպատակը, ըստ Գ. Սանոսյանի, վերոնշյալ համայնքներում համայնքի ավագանու ընտրություն նշանակելն է, միավորվող համայնքների ՏԻՄ-երի լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքների ՏԻՄ-երի լիազորությունների ստանձման ժամկետների վերաբերյալ օրենքով իրավակարգավորումների տրամադրումն է։ Նշված փոփոխությամբ կարգավորվելու են նաև համայնքային սեփականություն համարվող գույքի փոխանցման հարցերը։

Ամփոփելով Գ. Սանոսյանը նշել է, որ գործընթացի ավարտից հետո ՀՀ-ն կունենա 77 համայնք, և համայնքներից առանձնացված կլինի միայն Երևանը։ Ընդհանուր առմամբ, կլինի 78 համայնք, որոնցից ութը բնակեցված կլինեն ազգային փոքրամասնություններով։ Ութից երկուսը կլինեն ազգային փոքրամասնություններով բնակեցված, բայց միավորված համայնքներ, իսկ վեցը՝ առանձին համայնքներ։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրենքում կատարվելիք փոփոխություններին, նշել է, որ խոշորացված համայնքների պարագայում սուբվենցիոն ծրագրերին մասնակցության հնարավորություններն էականորեն կաճեն ինչպես մեծ, այնպես էլ փոքր բնակավայրերում։