Հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռուսաստանի Դաշնային օդային տրանսպորտի գործակալությունը և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը 2021թ.-ի սեպտեմբերի 6-ին ստորագրել են  փոխըմբռնման հուշագիր, որի հիմնական նպատակն է «բարենպաստ պայմանների ստեղծումը Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի սարքավորումների տիպային նախագծերի հաստատման համար, որոնք արտահանվում են Իրան»: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է Aerotime.aero կայքից:

Համաձայնագիրը կնքվել է 2021թ.-ի հունիսին երկու ավիացիոն իշխանությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում: 

Ինչպես գրում է կայքը, Ռուսաստանը, բախվելով քաղաքացիական ինքնաթիռների արտահանման հետ կապված դժվարություններին, այժմ կարող է «մխիթարություն գտնել» իրանական շուկայում:

2018թ.-ի մայիսին ԱՄՆ վարչակազմը որոշել է Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառել, որի արդյունքում, Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում գտնվող բազմաթիվ ավիացիոն ընկերություններ տուժել են՝ չեղյալ համարելով ավելի քան 30 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ հարյուրավոր ինքնաթիռների վաճառքը Իրանին: Հարկ է նշել, որ միայն ֆրանս-իտալական ATR ինքնաթիռ արտադրող ընկերությանը հաջողվեց 2018թ.-ի օգոստոսի 5-ին Iran Air ավիաընկերության հինգ ինքնաթիռ մատակարարել սանկցիաների ուժ մեջ մտնելուց մեկ օր առաջ:

1970-ականներից ի վեր Իրանը՝ որպես միջազգային պատժամիջոցների ենթարկված երկիր, նոր ինքնաթիռների ներգրավման կարիք ունի: 

Պետք է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանը փորձում է իր ինքնաթիռներն արտահանել դեպի Իրան: 2018թ.-ի ապրիլին իրանական երկու ավիափոխադրողներ՝ Iran Air Tours- ը և նրա դուստր ձեռնարկությունը՝ Aseman Airlines-ը, 2 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագիր են ստորագրել 40 Sukhoi Superjet ինքնաթիռների գնման համար:

Այնուամենայնիվ, քանի որ Sukhoi տարածաշրջանային ինքնաթիռն ավելի քան 10%-ով ամերիկյան արտադրության էր, ուստի ենթարկվել է ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների: Այդ ժամանակից ի վեր, Sukhoi մայր ընկերությունը պարտավորվել է «ռուսաֆիկացնել» Superjet-ին` արտահանումը հեշտացնելու նպատակով: Աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2023թ.-ը: Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Իրանն արդեն ինքնաթիռների նոր վերսիաների նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել: