Հետևեք մեզ նաև Telegram-ում

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին դեպի Հայաստան ավելի շատ դրամական փոխանցումներ են կատարվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: 

Ընթացիկ տարվա հունվար-հուլիսին արտերկրից ստացված դրամական փոխանցումների ամենամեծ աճն արձանագրվել է հունիսին, որը հունվարի դրությամբ աճել է ավելի քան 1.7 անգամ։ Դեպի ՀՀ դրամական փոխանցումների շարժընթացը 2021թ.-ի հունվար-հունիսին ունեցել է աճի միտում, սակայն հուլիսին դրամական փոխանցումները նվազել են. 2021թ.-ի հուլիսին նախորդ ամսվա փոխանցումների ծավալը կրճատվել է 4.9%-ով՝ կազմելով 97.4 մլրդ ՀՀ դրամ: Տարեկան կտրվածքով հուլիսին դեպի ՀՀ ուղարկված դրամական փոխանցումների աճը կազմել է 13%:

Հարկ է նաև նշել, որ մարդկանց տեղաշարժերի սահմանափակումների կրճատման ֆոնին ՌԴ-ից կատարվող դրամական փոխանցումների մասով  որոշակիորեն առկա է դրական դինամիկա։ 2021թ.-ի հուլիսին տարեսկզբի համեմատ դրամական փոխանցումներն ավելացել են ավելի քան երկու անգամ։

ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով դեպի արտերկիր կատարված դրամական փոխանցումները ընթացիկ տարվա հուլիսին նախորդ ամսվա համեմատ նվազել են 5.2%-ով, իսկ տարեսկզբի համեմատ աճել են 12%-ով։ Նախորդ տարվա հուլիսի համեմատ այս տարվա հուլիսին դեպի արտերկիր կատարված դրամական փոխանցումները նվազել են 0.7%-ով։ Յոթամսյա կտրվածքով ավելի շատ դրամական փոխանցումներ են կատարվել դեպի արտերկիր: 

 

 

Այսպիսով, դիտարկվող ժամանակահատվածում դրամական զուտ ներհոսքը զգալիորեն աճել է, ընդ որում տարեսկզբի համեմատությամբ հուլիսին ներհոսքն ավելացել է շուրջ երեք անգամ, իսկ նախորդ տարվա հուլիսի համեմատ՝ շուրջ 31%-ով: Զուտ ներհոսքը կրճատվել է նախորդ ամսվա համեմատ 4.6%-ով, ինչը պայմանավորված է թե ՀՀ փոխանցված, թե ՀՀ-ից արտերկիր ուղարկված տրանսֆերտների ծավալների կրճատմամբ:
 

2020թ.-ին 2019թ.-ի համեմատ ՀՀ ներհոսած և ՀՀ-ից արտահոսած դրամական փոխանցումները կրճատվել են համապատասխանաբար 4%-ով և 11%-ով: 2020թ.-ի առաջին յոթ ամիսների ընթացքում դրամական փոխանցումների ամենամեծ անկումն արձանագրվել է ապրիլին, իսկ ամենամեծ աճը՝ հուլիսին։