Հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռուսաստանի սպառողական շուկայում տարեկան գնաճը օգոստոսին կազմել է 6.7%, ինչը 2016թ.-ից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է Vedomosti.ru կայքից: 

Հարկ է նշել, որ ընթացիկ տարվա հունիսին գրանցվել էր 6.5% գնաճ, իսկ հուլիսին փոք-ինչ գների անկում էր արձանագրվել: Ընդհանուր առմամբ, 2021թ.-ի սկզբից Ռուսաստանում սպառողական գներն աճել են 4.7%-ով:

Երկրում ապրանքների գներն օգոստոսին տարեկան կտրվածքով աճել են շուրջ 8%-ով, իսկ ծառայությունների գները` 3.8%-ով: Պարենային ապրանքների գներն աճել են 7.7%-ով, իսկ ոչ պարենային ապրանքներինը` շուրջ 8%-ով:

Բանջարեղենի գները տարեկան կտրվածքով աճել են 6%-ով, իսկ շաքարավազի գները` 38.2%-ով: Արևածաղկի ձեթը թանկացել է 27.3%-ով, իսկ հավկիթը` 15.4%-ով:

Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից սահմանված թիրախային գնաճը 4% է, սակայն 2020թ.-ի վերջերից ի վեր այն գերազանցել է սահմանված շեմը և աստիճանաբար արագացել: 

Ըստ Տնտեսական զարգացման նախարարության կանխատեսման՝ մինչև 2021թ.-ի վերջ գնաճը աստիճանաբար կնվազի՝ կազմելով 5%: