Հետևեք մեզ նաև Telegram-ում

2022թ.-ի առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 250 հազար 798 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե երեք անգամ ավելացել է, մինչդեռ 2019թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել 13.2%-ով: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի կայքից:

Հայտնի է, որ 2021թ.-ի առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 87 հազար 131, իսկ 2019թ.-ի նույն ժամանակահատվածում 333 հազար 150 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան:

Հայաստան եկած զբոսաշրջիկների թվում գերակշռում են Ռուսաստանից ժամանած այցելուները, այնուհետև Իրանից և Վրաստանից եկած զբոսաշրջիկները: Առաջատարների ցանկում են նաև Ուկրաինան, Միացյալ Նահանգներն ու Բելառուսը:

Հարկ է նշել, որ 2016-2019թթ.-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվաքանակը տարեցտարի գրանցել է աճի միտում, 2020թ.-ին նկատվել է զգալի անկում, ինչը պայմանավորված է եղել Քովիդ-19 համավարակի առաջացմամբ, իսկ արդեն 2021թ.-ի ընթացքում և 2022թ.-ի առաջին եռամսյակում նկատելի է որոշակի վերականգնում, սակայն զբոսաշրջիկների թվաքանակը դեռևս շարունակում է ցածր մնալ նախաքովիդյան ժամանակաշրջանում արձանագրված ցուցանիշից: