Հետևեք մեզ նաև Telegram-ում

2022թ.-ի մարտին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 17 հազար 260 իրավունքի պետական գրանցման գործարք, ինչը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 21.3%-ով, մինչդեռ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ նվազել 1.7%-ով: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված մարտ ամսվա վերլուծությունից:

Ընթացիկ տարվա մարտ ամսին Հայաստանում գրանցվել է անշարժ գույքի առքուվաճառքի 4 հազար 859 գործարք, որը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 23.6%-ով, մինչդեռ 2021թ.-ի մարտի համեմատ՝ նվազել 0.5%-ով, իսկ 2020թ.-ի մարտի համեմատ՝ ավելացել ավելի քան 16%-ով:

Հատկանշական է, որ դիտարկվող ժամանակահատվածում անշարժ գույքի 424 առքուվաճառքի գործարքների կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիները, ինչը կազմել է ընդհանուր գործարքների 8.7%-ը: Օտարերկրյա քաղաքացիների կողմից գնված անշարժ գույքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի և նախորդ ամսվա համեմատ աճել է 25-ական %-ով: 

Ինչ վերաբերում է օտարերկրա քաղաքացիների կողմից ՀՀ անշարժ գույքի շուկայում վաճառված անշարժ գույքի ծավալներին, ապա վերջինս նույնպես ավելացել է. 2022թ.-ի փետրվարի համեմատ՝ ավելի քան 26%-ով, իսկ 2021թ.-ի մարտի համեմատ՝ 20.5%-ով: Մասնավորապես՝ ավելացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից վաճառված անշարժ գույքի ծավալները. 2022թ.-ի փետրվարի համեմատ այն աճել է 19.5%-ով, իսկ 2021թ.-ի մարտի համեմատ՝ 10.5%-ով:

Անդրադառնալով անշարժ գույքի գներին՝ հարկ է նշել, 2022թ․-ի մարտին, 1 քառ. մետրի հաշվարկով, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները Երևանում, նախորդ ամսվա համեմատ աճել են շուրջ 2.8%-ով, իսկ 2021թ․-ի մարտի համեմատ՝ 14.8%-ով: Աճել են նաև ՀՀ մարզերի քաղաքներում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները. նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է 3% աճ, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ ավելի քան 18% աճ:

Միաժամանակ, պետք է նշել, որ ՀՀ անշարժ գույքի շուկայում ընթացիկ տարվա մարտ ամսին անշարժ գույքի նկատմամբ իրականանցվել է 894 վարձակալության գործարք, որը նախորդ ամսվա համեմատ ավելացել է շուրջ 18%-ով, մինչդեռ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ նվազել շուրջ 20%-ով: Դիտարկվող ժամանակահատվածում Երևանում գրանցվել է 572 վարձակալության գործարք, ինչը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 24.3%-ով, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 12.2%-ով: