Հետևեք մեզ նաև Telegram-ում

Ուկրաինայում պատերազմի և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա հավանական է, որ նշանակալի լինի՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ ՀՀ  ամուր տնտեսական կապերը։ Այս մասին  EconoMood-ը տեղեկանում է Համաշխարհային բանկի կողմից հրապարակված մակրո և աղքատության հեռանկարների վերլուծականից:

Ինչպես հայտնի է ՀՀ տնտեսությունը 2021թ․-ին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5․7%-ով վերականգնվել է, սակայն կանխատեսվում է, որ 2022թ․-ին նախորդ տարվա համեմատ աճը կկազմի 1․2%, ընդ որում՝ նվազման բարձր ռիսկերի ենթակա անորոշ հեռանկարով։ Աճի և դրամական փոխանցումների ավելի ցածր ցուցանիշները հավանական է, որ աղքատության նվազեցման ընթացքը դանդաղեցնեն և խոցելիությունն ավելացնեն։

Համաշխարհային բանկի կողմից 2022թ․-ի աճի կանխատեսվող ցուցանիշն իջեցվել է՝ նախապատերազմյան 5․3%-ից մինչև 1․2%-ի, ընդ որում ավելի ցածր դրամական փոխանցումներն ու իրական աշխատավարձերն ազդում են սպառման վրա, անորոշության ավելացումը՝ ներդրումների, իսկ արտահանման ծավալները կրճատվում են՝ պայմանավորված Ռուսաստանի տնտեսության ծավալների կանխատեսվող կրճատմամբ և համաշխարհային ու տարածաշրջանային տնտեսական աճի տեմպի դանդաղմամբ։

ՀԲ կանխատեսմամբ՝ ավելի դանդաղ աճին համահունչ՝ եկամուտների հավաքագրման անկում և ծախսային ճնշումների ավելացում է սպասվում, մասնավորապես սոցիալական աջակցության ավելացման միջոցով, ինչը կհանգեցնի հարկաբյուջետային կոնսոլիդացիայի հետաձգմանը։ Սա իր հերթին 2022թ․-ի ավարտին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կավելացնի մինչև շուրջ 67%։

«Ելնելով կանխատեսվող մակրոտնտեսական ազդեցությունից՝ Հայաստանում աղքատության ցուցանիշը (վերին միջին եկամուտ ունեցող երկրների աղքատության մակարդակով) 2022թ․-ին կարող է հասնել բնակչության 39․6%-ին, ինչը 3 տոկոսային կետով բարձր է նախորդ կանխատեսման համեմատ։ Խոցելիությունը կարող է աճել՝ պայմանավորված դրամական փոխանցումների նվազմամբ, կոմունալ վճարների բարձրացմամբ և սննդամթերքի գների աճով»,-նշվել է ՀԲ վերլուծականում:

Միաժամանակ նշվում է նաև, որ կանխատեսումն անորոշ է և հնարավոր են նվազեցումներ՝ հաշվի առնելով համաշխարհային և տարածաշրջանային ձևավորվող միջավայրը։