Հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռուս-ուկրաինական հակամարտությունը ցնցել է ապրանքային շուկաներին՝ փոխելով առևտրի, արտադրության և սպառման գլոբալ օրինաչափությունները, որոնք կպահպանեն գները պատմականորեն բարձր մակարդակում մինչ 2024թ.-ի վերջը։ Այս մասին EconoMood-ը տեղեկանում է Համաշխարհային բանկի ապրիլյան «Ապրանքային շուկաների հեռանկարներ» զեկույցից:

Էներգակիրների գների աճը վերջին երկու տարում ամենաբարձրն է եղել 1973թ.-ի նավթային ճգնաժամից ի վեր, 2008թ.-ից ի վեր ամենամեծ թանկացումների են ենթարկվել պարենային ապրանքները և պարարտանյութերը, որոնց հիմնական արտադրողները հանդիսանում են Ռուսաստանն և Ուկրաինան։ 

«Ընդհանուր առմամբ, սա ամենամեծ ապրանքային ցնցումն է, որը մենք ապրել ենք 1970թ.-ականներից ի վեր: Ներկայում, ինչպես և այն ժամանակ, ցնցումը խորանում է սննդամթերքի, վառելիքի և պարարտանյութերի առևտրի սահմանափակումների կտրուկ աճով»,-հայտնել է Ինդերմիտ Գիլը:

ՀԲ կանխատեսմամբ՝ 2022թ.-ին էներգակիրների գները կբարձրանան ավելի քան 50%-ով, իսկ 2023թ.-ին և 2024թ.-ին դրանք կնվազեն: Կանխատեսվում է, որ ոչ էներգետիկ ապրանքների, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքների և մետաղների գները 2022թ.-ին կաճեն գրեթե 20%-ով, իսկ հետագա տարիներին կդանդաղեն։ Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ հումքային ապրանքների գները կլինեն շատ ավելի բարձր, քան վերջին հինգ տարիներին գրանցված միջին ցուցանիշներն են: Երկարատև պատերազմի և Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման դեպքում գների մակարդակը կարող է նույնիսկ ավելի բարձր ու անկայուն լինել, քան ներկայումս կանխատեսվում է։

Ակնկալվում է, որ 2022թ.-ին Brent տեսակի նավթի գինը միջինում կկազմի 100 ԱՄՆ դոլար մեկ բարելի դիմաց, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 2013թ.-ից ի վեր, վերջինս 2021թ.-ի համեմատ աճել է ավելի քան 40%-ով։ Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2023թ.-ին նավթի գները կնվազեն մինչև 92 ԱՄՆ դոլար: Ինչ վերաբերում է բնական գազի գներին, ապա կանխատեսվում է, որ 2022թ.-ին նախորդ տարվա համեմատ դրանք կավելանան երկու անգամ, իսկ ածխի գները կբարձրանան 80%-ով՝ հասնելով իրենց պատմական առավելագույնին:

Կանխատեսվում է, որ ընթացիկ տարում ցորենի գները կբարձրանան ավելի քան 40%-ով` հասնելով ռեկորդային մակարդակի: Վերջինս ճնշում կգործադրի զարգացող տնտեսությունների վրա, որոնք հատկապես կախված են Ռուսաստանից և Ուկրաինայից հացահատիկի ներմուծումից: ՀԲ գնահատականներով՝ 2022թ.-ին մետաղների գները կաճեն 16%-ով, այնուհետև 2023թ.-ին կնվազեն՝ շարունակելով բարձր մնալ։

«Ապրանքային շուկաները գտնվում են հսկայական ճնշման տակ, քանի որ որոշ ապրանքների գներն անվանական արտահայտությամբ հասել են ռեկորդային բարձր մակարդակի, ինչը երկարաժամկետ հետևանքներ կունենա՝ «դոմինոյի էֆեկտի» տեսքով»,-հայտարարել է Համաշխարհային բանկի կանխատեսումների խմբի ավագ տնտեսագետ Ջոն Բաֆեսը