Հետևեք մեզ նաև Telegram-ում

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում իրացվող ամբողջ նավթամթերքը հանդիսանում է ներմուծված ապրանք, միջազգային շուկաներում դիզելային վառելիքի գների բարձրացումներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության ներքին շուկայի վրա: EconoMood-ի հաղորդմամբ՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել է դիզելային վառելիքի շուկան:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում լայն սպառման, ինչպես նաև բարձր կենտրոնացվածություն ունեցող ապրանքային շուկաները։

Մանրածախ գների բարձրացմամբ պայմանավորված Հանձնաժողովն ուսումնասիրում է նաև ՀՀ դիզելային վառելիքի շուկան, ինչպես նաև համաշխարհային շուկայի գների դինամիկան և դրա անդրադարձը տարբեր երկրներում դիզելային վառելիքի գների վրա։

Ուսումնասիրության նախնական արդյունքներից պարզվել է, որ 2022թ.-ի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում շուրջ 25-35%-ով բարձրացել են դիզելային վառելիքի ձեռքբերման գները, ինչպես նաև տեղի է ունեցել լոգիստիկ ծախսերի որոշակի բարձրացում, մինչդեռ նույն ժամանակահատվածում դրամի արժևորումը կազմել է շուրջ 5%:

Ներկայումս, համաշխարհային շուկայում գործում են դիզելային վառելիքի երբևէ արձանագրված ամենաբարձր գները: Օրինակ՝ Վրաստանի Հանրապետությունում 2022թ.-ի հունվարի համեմատ ապրիլին տեղի է ունեցել դիզելային վառելիքի գնի շուրջ 40% բարձրացում՝ 471 ՀՀ դրամից հասնելով մինչև 664 ՀՀ դրամի։ Եվրոպական երկրներում նույնպես տեղի են ունեցել դիզելային վառելիքի գնի բարձրացումներ։ Օրինակ՝ Էստոնիայի Հանրապետությունում դիզելային վառելիքը տարեսկզբի համեմատ թանկացել է շուրջ 200 ՀՀ դրամով (շուրջ 32%-ին համարժեք), Ռումինիայի Հանրապետությունում ՝ շուրջ 650 ՀՀ դրամից դարձել է 860 ՀՀ դրամ (շուրջ 32% թանկացում), թեև հանդիսանում է նավթավերամշակող պետություն։