Հետևեք մեզ նաև Telegram-ում

Կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը սահմանվել է 200.000 ՀՀ դրամ, որի վրա կիրառվելու է տրամադրվող հավելավճարը: EconoMood-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Ծրագրի գլխավոր նպատակը հանրակրթական ուսումնական հաստատություններում  դասավանդողների իմացության աստիճանի պարզումն է և դրա արդյունքում, ըստ տվյալ ուսուցչի մասնագիտական պատրաստվածության, հավելավճարի տրամադրումն է:

2021թ.-ին կամավոր ատեստավորմանը դիմած 1372 դասավանդողներից մասնակցել է 996 ուսուցիչ,  և նրանցից որակավորում է ստացել 478-ը:

Հանրակրթության ոլորտում այս համակարգի ներդրման արդյունքում 166 ուսուցիչ ստացել է 50% հավելավճար, 153-ը՝ 40% հավելավճար, իսկ 159-ը՝ 30% հավելավճար։

Կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը 200.000 ՀՀ դրամ սահմանելու, դրա վրա ավելացող հավելավճարի, ինչպես նաև տարակարգ ստանալու պարագայում ուսուցչի աշխատավարձը կարող է հասնել մինչև 400.000 ՀՀ դրամի: 

Դրույքաչափի փոփոխությունը 2022թ.-ի մայիսից կիրառելի է նաև 2021թ.-ին ատեստավորված և հավելավճար ստացող ուսուցիչների համար։

Դիմումների ներկայացումը սկսվելու է ընթացիկ տարվա մայիս ամսից, բուն ատեստավորման գործընթացը նախատեսվում է իրականացնել սեպտեմբերին, իսկ հոկտեմբեր ամսից արդեն հայտնի կլինեն ատեստավորման արդյունքները: