Հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռուս-ուկրաինական հակամարտությունը և Ռուսաստանի դեմ կիրառվող սահմանափակումները 2022թ.-ին կտրուկ կնվազեցնեն տնտեսական աճը Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներում: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է Արժույթի միջազգային հիմնադրամի «Տարածաշրջանային տնտեսության զարգացման հեռանկարները» ապրիլյան զեկույցից:

ԱՄՀ կանխատեսմամբ՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում տնտեսական աճը 2022թ.-ին կդանդաղի՝ կազմելով 2.6%՝ 2021թ.-ի 5.6%-ի դիմաց՝ պայմանավորված Ռուսաստանի հետ սերտ առևտրային և ֆինանսական կապերով, տրանսֆերտներից և զբոսաշրջությունից կախվածությամբ, ինչպես նաև փոխարժեքի տատանումներով: Ակնկալվում է, որ 2023թ.-ին Կովկասում և Կենտրոնական Ասիայում տնտեսական աճը կվերականգնվի՝ կազմելով 4.2%:

Հիմնադրամը կանխատեսում է, որ ընթացիկ տարում Կովկասում և Կենտրոնական Ասիայում գնաճը կկազմի 10.7%` նախորդ տարվա 9.2%-ի դիմաց, իսկ 2023թ.-ին այն կնվազի՝ կազմելով 8.6%: Վերջինս պայմանավորված է հիմնականում արժույթի արժեզրկման և հումքային ապրանքների գների աճով:

Զեկույցում նշվել է, որ խորը ռեցեսիան Ռուսաստանում և Ուկրաինայում, ինչպես նաև միջազգային գործողությունների և առևտրի ֆինանսավորման սահմանափակումները կարող են Կովկասից և Կենտրոնական Ասիայից դեպի այդ երկու երկրներ արտահանման կտրուկ կրճատում առաջացնել, ընդ որում, առավել մեծ ռիսկի են ենթարկվում Հայաստանն ու Վրաստանը։ Բացի այդ, ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները և նավթի արտահանման կախվածությունը ռուսական ու ուկրաինական նավթամուղերից և նավահանգիստներից (Ղազախստան) կարող են ազդել էներգակիրների արտահանման և նավթ արտահանող որոշ երկրների ներդրումների վրա։

Ռուս-ուկրաինական հակամարտությունից ի վեր նավթի գները մեկ բարելի դիմաց տատանվել են 98-130 ԱՄՆ դոլարի սահմաններում և 2022թ.-ին կանխատեսվում է, որ այն կկազմի 107 ԱՄՆ դոլար՝ բարելի դիմաց, իսկ մինչ 2027թ.-ը կնվազի՝ կազմելով 72.5 ԱՄՆ դոլար:

Ակնկալվում է, որ սննդամթերքի գները 2022թ.-ին կաճեն մոտ 14%-ով, մինչդեռ 2023թ.-ին կնվազեն 5.7%-ով: