Հետևեք մեզ նաև Telegram-ում

2022թ․-ի առաջին եռամսյակում Հայաստանի երկու օդանավակայաններում՝ «Զվարթնոց» և «Շիրակ», ուղևորահոսքը կազմել է 570 689 մարդ, ինչը կրկնակի ավել է նախորդ տարվա նույն եռամսյակի ցուցանիշի համեմատ։ Այս մասին EconoMood-ը տեղեկանում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պաշտոնական կայքից։

Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 547 հազար 22 մարդ, ընդ որում՝ ժամանել է 273 հազար 364 մարդ, մեկնել՝ 273 հազար 658 մարդ։

Դիտարկվող ժամանակահատվածում «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 23 հազար 667, այդ թվում՝ ժամանել է 11 հազար 20 մարդ, մեկնել՝ 12 հազար 647 մարդ:

Հատկանշական է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ուղևորահոսքը ՀՀ երկու օդանավակայաններում կրկնակի ավելացել է նախորդ տարվա առաջին եռամսյակում գրանցված 270 հազար 975-ի համեմատ։

Միաժամանակ նշենք նաև, որ 2020թ․-ին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 554 հազար 244 մարդ, իսկ 2019թ․-ին՝ 578 հազար 575 մարդ։

2022թ․-ի առաջին եռամսյակում արձանագրվել է որոշակի վերականգնում, սակայն երկու օդանավակայաններում ուղևորահոսքի ցուցանիշը շարունակում է ցածր մնալ նախաքովիդյան ժամանակահատվածում հաստատված ցուցանիշից։