Հետևեք մեզ նաև Telegram-ում

2022թ.-ի մայիսի 3-ի նիստում ՀՀ կենտրոնական բանկը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինասավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9.25%: EconoMood-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ 

«Շարունակվում է ռուս-ուկրաինական հակամարտությունը և պահպանվում են դրա հետ կապված անորոշությունները, ինչը բացասաբար է ազդում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական և ֆինանսական շուկայի զարգացումների վրա: Այդ երկրներում տնտեսական աճի սպասվածից ավելի արագ դանդաղումն ուղեկցվում է գնաճային միջավայրի ընդլայնմամբ: Վերջինս պայմանավորված է արժեշղթաների խաթարումներով և միջազգային ապրանքահումքային շուկաներում գնաճի արագացմամբ»,-հայտնել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

2022թ.-ի մարտին 12-ամսյա գնաճի տեմպերն Հայաստանում արագացել են՝ կազմելով 7.4%: ԿԲ կանխատեսման համաձայն՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը կպահպանվի: 

2022թ.-ի առաջին եռամսյակում դիտվել է ՀՀ տնտեսական ակտիվության սպասվածի համեմատ ավելի դրական զարգացումներ: Միջազգային այցելուների զգալի ներհոսքը արտացոլվում է ծառայությունների ճյուղի բարձր աճում և ընդլայնում ամբողջական պահանջարկը, ինչը նպաստում է ՀՀ արտաքին հաշվեկռվածության բարելավմանը և արժութային շուկայում դրամի արժևորմանը: ԿԲ գնահատականներով՝ վերջինս դրական ազդեցություն կփոխանցի նաև ներքին գնաճային միջավայրի թուլացման և գնաճային սպասումների նվազման ուղղությամբ: Ստեղծված իրավիճակում ՀՀ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնել: Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին:

ԿԲ խորհուրդի գնահատականով՝ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված բարձր անորոշությունը պահպանվում է: Միաժամանակ, կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են:

Մարտին Գալստյանը նշել է, որ 2021թ.-ին վարկավորման շուկայում արձանագրվել է ակտիվության աճ, իսկ երկրորդ կիսամյակից սկսած վարկավորման բոլոր ոլորտներում գրանցվել են աճի միտումներ։ Հիփոթեքային վարկավորման ծավալներն աճել են 36%-ով, իսկ բիզնես վարկերի գծով արձանագրվել է 5% անկում: 

ԿԲ դիտարկումների համաձայն՝ 2021թ.-ին բիզնես վարկերի անկման պատճառները երկուսն են․

  • նվազել է հաճախորդների կողմից պահանջարկը՝ պայմանավորված տնտեսական զարգացումներով, 
  • բանկային հատվածի կողմից ներկայացվել են ավելի խիստ պահանջներ վարկավորվող սուբյեկտների նկատմամբ:

«Անշարժ գույքի գները և հիփոթեքային վարկավորումը ևս ցուցաբերել են աճի միտում, ինչի պարագայում մեծանում է հիփոթեքային շուկայի «տաքացման» երևույթների առաջացման հավանականությունը: Հաշվի առնելով ՀՀ դիրքը տնտեսական ցիկլի վրա՝ ԿԲ խորհուրդը կապիտալի հակացիկլիկ բուֆերը տարվա ընթացքում պահպանել է նվազագույն 0 մակարդակում»,-նշել է Մարտին Գալստյանը:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության վարկավորմանը, ապա Մ․ Գալստյանի խոսքով՝ 2021թ.-ին նախորդ տարվա համեմատ ռեզիդենտներին տրված գյուղատնտեսական վարկերի ծավալն աճել է շուրջ 12%-ով: Միաժամանակ, 2022թ.-ի առաջին եռամսյակում գյուղատնտեսական վարկերի ծավալն աճել է 3.34%-ով:

ԿԲ նախագահի խոսքով՝ ՀՀ-ում միջազգային այցելուների հոսքը նպաստել է ՀՀ ծառայությունների արտահանելիության մակարդակի բարձրացմանը, ինչի արդյունքում գրանցվել է արտարժութային միջոցների առաջանցիկ աճ՝ հանգեցնելով դրամի ամրապնդմանը: