Հետևեք մեզ նաև Telegram-ում

Ընթացիկ տարվա ապրիլին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 8.4%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 2.3%: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակումից:

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները 2022թ.-ի ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.3%-ով, իսկ 2022թ.-ի մարտի համեմատ՝ 4%-ով:

Հացի, ալյուրի և մակարոնեղենի գները 2022թ.-ի ապրիլին 2021թ.-ի ապրիլի համեմատ աճել են համապատասխանաբար 14.1%, 14.3% և 26.5%-ով, իսկ 2022թ.-ի մարտի համեմատ՝ 1.7%, 2.9% և 7.3%-ով:

2022թ.-ի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արձանագրվել է շաքարի և շաքարավազի 14.1% գնաճ, մինչդեռ 2022թ.-ի մարտի համեմատ՝ 1.7% գնանկում:

Ոչ պարենային ապրանքների շուկայում 2022թ.-ի ապրիլին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է 6.1%, իսկ 2022թ.-ի մարտի համեմատ՝ 2% գնաճ:

Մատուցված ծառայությունների ոլորտում 2022թ.-ի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սակագներն աճել են 3.8%-ով, իսկ 2022թ.-ի մարտի համեմատ՝ 0.7%-ով:

2022թ.-ի ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 1.1% և 7.2% գնաճ, իսկ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 22.4% և 41.5%-ով:

Միաժամանակ կարևոր է նշել, որ ընթացիկ տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 7.4%-ով:

Նշենք, որ 2007թ.-ից սկսած ՀՀ կենտրոնական բանկի կողմից Հայաստանում որպես գնաճի նպատակային թիրախ է սահմանվել 4%-ը` ±1.5% տատանումների թույլատրելի միջակայքով: