Հետևեք մեզ նաև Telegram-ում

2022թ.-ի մարտ ամսին ՀՀ առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձիք ստացել են 252.7 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամական փոխանցումներ, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 58.5%-ով, 2020թ.-ի մարտի համեմատ՝ ավելի քան 2 անգամ, իսկ 2019թ.-ի մարտի համեմատ՝ 91.3%-ով: EconoMood-ի հաղորդմամբ՝ ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2022թ.-ի մարտի դրամական փոխանցումների վերաբերյալ վիճակագրությունը:

Ընթացիկ տարվա մարտին Ռուսաստանից Հայաստան ներհոսքը կազմել է 115.8 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ ամսվա համեմատ ավելացել է ավելի քան 40%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 84.4%-ով: Մարտ ամսին Հայաստան ներհոսքի ընդհանուր ծավալում Ռուսաստանին բաժին է ընկել շուրջ 46% տեսակարար կշիռ:

Աճել է նաև ԱՄՆ-ից Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը. 2022թ.-ի մարտին այն կազմել է 60.9 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ ամսվա 41.2 մլն ԱՄՆ դոլարի դիմաց: 

Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից դրամական փոխանցումների արտահոսքը կազմել է 162.1 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ ամսվա համեմատ աճելով 30.7%-ով, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 73.2%-ով: Արտահոսքի շուրջ 40%-ն ուղղվել է դեպի Ռուսաստան, իսկ 15.7%-ը՝ ԱՄՆ:

2022թ.-ի մարտին ՀՀ առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից դրամական փոխանցումների զուտ ներհոսքը, որը ցույց է տալիս ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը, կազմել է 90.5 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 61.3%-ով, իսկ 2021թ.-ի նույն ամսվա համեմատ՝ 37.3%-ով: