Հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2023թ.-ի հունվարի մեկից դադարեցվելու է պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը: EconoMood-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարը նշել է, որ ռոյալթիները հարկի բնույթ ունեցող այն լրացուցիչ վճարներն են, որոնք ընդերքօգտագործման իրավունք ունեցող կազմակերպությունները վճարում են, բացի այն հարկերից և վճարներից, որոնք վճարվում են այլ գործունեությամբ զբաղվող ընկերությունների կողմից:

Մետաղական հանքավայրեր շահագործող կազմակերպությունների համար հանրագումարային վճարները վերջին անգամ վերանայվել են 2021թ.-ի աշնանը՝ մետաղական խտանյութերի արտահանման համար պետական տուրք սահմանելու եղանակով: Վերջինս պայմանավորված էր այն հանգամանքով, որ 2020թ.-ից ի վեր մետաղների միջազգային գներն էականորեն բարձրացել են՝ ավելացնելով մետաղական հանքավայրերի շահութաբերությունը:

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման համար կայուն և կանխատեսելի միջավայր ապահովելու տեսանկյունից անհրաժեշտ է ներդնել առավելապես գործունեության վերջնական ֆինանսական արդյունքների վրա հիմնված՝ առավել արդարացի ու տնտեսագիտական տեսանկյունից առավել հիմնավորված հարկային բեռ ձևավորող համակարգ, որը նաև կերաշխավորի ոլորտում ստեղծվող նոր արժեքից արդարացի մասհանում պետական բյուջե։

Առկա խնդիրները լուծելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է.

  • 2023թ.-ի հունվարի մեկից դադարեցնել պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը,
  • վերանայել ռոյալթիի համակարգը՝ պետական տուրքերի փոխարեն կիրառելով ռոյալթիների նոր հավելյալ բաղադրիչ, որը կիրառվելու է այն ժամանակ, երբ կազմակերպությունների շահույթները գերազանցեն որոշակի շեմը: Արդյունքում՝

ա) Մինչև 10% շահութաբերության պայմաններում ռոյալթի վճարող կազմակերպությունների մոտ ռոյալթիի գծով հարկային բեռի ավելացում չի լինի: Արդյունքում մետաղների միջազգային գների, և հետևաբար, կազմակերպությունների շահութաբերության մակարդակի նվազման պայմաններում ռոյալթիի գծով հարկային բեռը կազմակերպությունների արտադրատնտեսական գործունեության շարունակականության ապահովման տեսանկյունից չի լինի խնդրահարույց:

բ) 10%-ը գերազանցող շահութաբերության պայմաններում գերազանցող շահույթից կվճարվի լրացուցիչ ռոյալթի՝ 15% դրույքաչափով: Բարձր շահութաբերության պայմաններում հաշվարկվող լրացուցիչ բաղադրիչը որոշելիս՝ շահույթը նախքան հարկումը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման առաջին և երկրորդ բաղադրիչները, ինչպես նաև ռոյալթի վճարողի ֆինանսական ծախսերը:

գ) Եթե գնորդը և մատակարարը իրենց պայմանագրով գնորոշման ժամանակահատվածի համար կարող են ընտրել տարբեր ամիսներ, ապա ռոյալթիների հաշվարկման նպատակով հիմք կընդունվի մատակարարմանը հաջորդող երկրորդ ամիսը:

դ) Եթե պայմանագրի արժեքով մատակարարին կամ վաճառողին հատուցվի պարունակվող մետաղների արժեքի 85%-ից պակաս, ապա ռոյալթիների հաշվարկման նպատակով շրջանառությունը կվերցվի պարունակվող մետաղների արժեքի 85%-ի չափով՝ ներկայում սահմանված 80%-ի փոխարեն:

Ծրագրի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մետաղական օգտակար հանածոների համար վճարվող ռոյալթիի համակարգը մետաղների միջազգային գներին ավելի արձագանքող և ավելի պրոգրեսիվ դարձնելու նպատակադրմամբ: