Հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել իրականացնել ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային ուղուն այլընտրանքային` լաստանավով տեղափոխման ծախսերի փոխհատուցում։ EconoMood-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ներկայում ծրագրի իրականացման նպատակով պայմանագիր է կնքվել լաստանավային օպերատոր հանդիսացող «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերության հետ, ով արդեն իսկ ունի համապատասխան պայմանագրային բազան 2 երկաթուղային ընկերությունների հետ և պատրաստ է իրականացնել լաստանավային կանոնավոր հաղորդակցություն:

Հունիսի 15-ից Փոթի-Կովկաս նավահանգիստների միջև կգործարկվի շաբաթական երկու անգամ յուրաքանչյուր ուղղությամբ ընթացող կանոնավոր լաստանավային հաղորդակցություն: 

Միաժամանակ նշվել է նաև, որ հարավկովկասյան, ռուսական և վրացական երկաթուղիներն էական զեղչեր են տրամադրել իրենց տարիֆների համար, որպեսզի մեխանիզմն արդյունավետորեն աշխատի:

Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի երկաթուղային համակարգը կանոնավոր կապ կհաստատի Եվրասիական երկաթուղային համակարգի հետ: Արտահանողներին և ներմուծողներին հնարավորություն է տրվում էապես նվազեցնել իրենց ռիսկերը, մասնավորապես՝ Լարսի անցակետում առաջացող դժվարությունների հետ կապված:

Ծրագիրը հնարավորություն կտա ՀՀ բեռնափոխադրող ընկերությունների համար սեզոնային բարձր գների ժամանակահատվածում բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնել և նվազեցնել խոչընդոտները, խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։