Ընթացիկ տարվա մարտին Հայաստանում արդյունաբերության ծավալը կազմել է 187.6 մլն ՀՀ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ նվազել է 6.9%-ով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.3%-ով: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակումից:
2022թ.-ի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճ է արձանագրվել հետևյալ ոլորտներում՝
- մշակող արդյունաբերություն՝ +3.6%,
- ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` +5.4%:
Դիտարկվող ժամանակահատվածում հանքարդյունաբերության ծավալները նվազել են 29%-ով՝ կազմելով 44.4 մլն ՀՀ դրամ, որի տեսակարար կշիռն ամբողջ արդյունաբերության ծավալներում 26.3% է:
Միաժամանակ պետք է նշել, որ անկում է արձանագրվել նաև էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ճյուղում. մասնավորապես՝ նախորդ ամսվա համեմատ անկումը կազմել է 2.9%, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ ավելի քան 7%: Վերջինիս տեսակարար կշիռն ամբողջ արդյունաբերության ծավալներում ընթացիկ տարվա հունվար-մարտին կազմել է 17.5%:
Հատկանշական է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ՀՀ-ում արդյունաբերության ծավալը կազմել է 550.7 մլն ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3.1%-ով:
2022թ.-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ արդյունաբերության ճյուղերում արձանագրվել են հետևյալ փոփոխությունները՝
- մշակող արդյունաբերություն՝ +10.9%,
- ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` +6.7%,
- էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ +3.3%,
- հանքարդյունաբերություն՝ -12.9%: