Հետևեք մեզ նաև Telegram-ում

Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն հարկային եկամուտների և պետական տուրքի գծով ապահովել է շուրջ 632 մլրդ ՀՀ դրամ՝ մոտ 119 մլրդ ՀՀ դրամով կամ 23.2%-ով գերակատարելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մուտքերը: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կայքից:

Հարկ է նշել, որ միայն ապրիլ ամսվա ցուցանիշը՝ շուրջ 51.2 մլրդ ՀՀ դրամով կամ 28.4%-ով գերակատարվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքի համեմատ: 

Հատկանշական է, որ հիմնական աճն արձանագրվել է շահութահարկի և բնօգտագործման վճարների, մասնավորապես ռոյալթիի մասով, թերևս, պայմանավորված այն հանգամանքով, որ ապրիլը շահութահարկի և ռոյալթիի տարեկան հաշվարկների ներկայացման վերջնաժամկետն է: Մասնավորապես՝ նախորդ տարվա համեմատությամբ  շահութահարկի աճը 2022թ.-ի ապրիլին կազմել է շուրջ 32.9 մլրդ ՀՀ դրամ, իսկ բնօգտագործման վճարների գծով՝ 9.8 մլրդ ՀՀ դրամ, որից 9.4 մլրդ ՀՀ դրամը՝ ռոյալթիի մասով: 

Շահութահարկի գերակատարումն առաջին հերթին պայմանավորված է համախառն եկամտի աճով: 2021թ.-ի արդյունքներով` շահութահարկի հաշվարկներով ցույց տրված համախառն եկամուտը կազմել է շուրջ 11.6 տրլն ՀՀ դրամ, որը գերազանցել է 2020թ.-ի նույն ցուցանիշը 39.8%-ով: Իսկ համախառն եկամտի աճի ցուցանիշում իր հերթին մեծ դերակատարում է ունեցել գործարքների և փաստաթղթավորման աճը, ինչը տնտեսական ակտիվության և հարկային վարչարարության բարելավման արդյունք է: Այդ մասին է վկայում նաև ՀԴՄ կտրոնների և այլ հաշվարկային փաստաթղթերի քանակի և դրանցով արտացոլվող շրջանառության շարունակական աճը: Մասնավորապես՝ 2021թ.-ի ընթացքում գործարքների (հաշվարկային փաստաթղթերի) քանակը կազմել է շուրջ 558 մլն հատ և դրանցով արձանագրված գումարը՝ 8.2 տրլն ՀՀ դրամ, որը գերազանցում է 2020թ.-ի ցուցանիշը՝ քանակով՝ 102 մլն հատով (22.4%), իսկ գումարով՝ 1.7 տրլն ՀՀ դրամով (26.8%):

Շահութահարկի աճի դինամիկայում Էական դեր է ունեցել նաև 2020թ.-ից կանխավճարների հաշվարկման մեխանիզմի փոփոխությունը: Այսպես, եթե 2019թ.-ին շահութահարկի կանխավճարների գումարը կազմել է շուրջ 103.6 մլրդ ՀՀ դրամ, ապա 2020-2021թթ.-ին արդեն կազմել է համապատասխանաբար՝ 64.5 մլրդ ՀՀ դրամ և 67.7 մլրդ ՀՀ դրամ: 

Շահութահարկի հաշվարկներով արտացոլված վճարման ենթակա հարկի գումարի աճը հիմնականում արձանագրվել է մետաղական հանքարդյունաբերության (աճը՝ շուրջ 13.2 մլրդ ՀՀ դրամ), մեծածախ առևտրի (աճը՝ շուրջ 5.0 մլրդ ՀՀ դրամ), օդային տրանսպորտի օժանդակության (աճը ՝շուրջ 3.5 մլրդ ՀՀ դրամ) և մանրածախ առևտրի ոլորտներում (աճը շուրջ 3.2 մլրդ ՀՀ դրամ): 

Ապրիլին դրական ցուցանիշ ապահոված մյուս ուղղությունը՝ ռոյալթիի աճը՝ 9.4 մլրդ դրամի չափով, հիմնականում պայմանավորված է մետաղական հանածոների միջազգային գների բարձրացմամբ: Մասնավորապես՝ ռոյալթիի բազան աճել է պղնձի և մոլիբդենի միջազգային գնաճի հաշվին: