Հետևեք մեզ նաև Telegram-ում

Պարենի համաշխարհային գներն ապրիլին փոքր-ինչ նվազել են՝ մի քանի ամիս շարունակական աճից և մարտին ռեկորդային մակարդակի հասնելուց հետո: EconoMood-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հրապարակած պարենային գների ինդեքսում, որն արտացոլում է պարենի հիմնական տեսակների միջազգային գների փոփոխություններն ամսական կտրվածքով։ 

2022թ․-ի ապրիլին պարենի համաշխարհային գների ինդեքսը միջինում կազմել է 158․5 կետ՝ նախորդ ամսվա համեմատ նվազելով 0․8%-ով, սակայն 2021թ․-ի ապրիլի համեմատ այն աճել է շուրջ 30%-ով։

FAO-ի գների նվազումը պայմանավորված է հիմնականում ձեթի, ինչպես նաև հացահատիկների գների ոչ մեծ անկմամբ, որոնք նախորդ ամիս աճել էին ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով։ 

Ընթացիկ տարվա ապրիլին FAO-ի հացահատիկի գների ինդեքսը նվազել է 0․7 կետով՝ պայմանավորված եգիպտացորենի համաշխարհային գների 3% անկմամբ։ Ցորենի միջազգային գներն աճել են 0․2%-ով, բրնձի միջազգային գները՝ 2․3%-ով:

Շաքարի գների ինդեքսն ապրիլին աճել է 3․3%-ով, ինչը պայմանավորված է շաքարավազի աշխարհի ամենամեծ արտահանող երկրում՝ Բրազիլիայում, բերքահավաքի դանդաղ մեկնարկի հետ կապված մտահոգություններով:

FAO-ի մսամթերքի գների ինդեքսն ապրիլին նախորդ ամսվա համեմատ աճել է 2․2%-ով՝ սահմանելով նոր ռեկորդ՝ պայմանավորված թռչնամսի գների թանկացմամբ: Թռչնամսի գների բարձրացման վրա ազդել են Ուկրաինայից արտահանման խափանումները և հյուսիսային կիսագնդում թռչնագրիպի բռնկումների աճը:

FAO-ի կաթնամթերքի գների ինդեքսը նույնպես աճել է 0․9%-ով՝ համաշխարհային մատակարարման շղթայի խաթարումների հետևանքով, քանի որ Արևմտյան Եվրոպայում և Օվկիանիայում կաթի արտադրությունը շարունակում է ցածր մնալ:

FAO-ն հրապարակել է նաև հացահատիկի առաջարկի և պահանջարկի վերաբերյալ նոր ամփոփագիր՝ թարմացված կանխատեսումներով, որոնք մատնանշում են 2021/22 շուկայավարման տարում նախորդ տարվա համեմատ հացահատիկային ապրանքների համաշխարհային առևտրի 1․2%-ով անկում: 

Կանխատեսվում է, որ 2021/22 տարում հացահատիկի համաշխարհային արտադրությունը կկազմի 2 799 միլիոն տոննա, ինչը 0․8%-ով ավել է նախորդ տարվա համեմատ։

Ըստ FAO-ի հացահատիկի համաշխարհային պաշարների վերաբերյալ նոր գնահատականի՝ 2022 թ․-ի ավարտին  հացահատիկի համաշխարհային պաշարը կկազմի 856 միլիոն տոննա՝ պայմանավորված եգիպտացորենի պաշարների ավելացմամբ։

FAO-ն դեռևս կանխատեսում է ցորենի համաշխարհային արտադրության աճ 2022թ․-ին՝ մինչև 782 միլիոն տոննա։