Հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի ֆոնդային բորսայի 2022թ․-ի ապրիլ ամսվա ամփոփ տվյալները 2021թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալների նկատելի աճ։ Այս մասին EconoMood-ը տեղեկանում է Հայաստանի ֆոնդային բորսայի հրապարակումից:

Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանի ֆոնդային բորսայում  տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 65.2 մլրդ ՀՀ դրամ:

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը ապրիլին կազմել է ավելի քան 6.7 մլրդ ՀՀ դրամ՝ 2021թ․-ի ապրիլի համեմատ գրանցելով 34% աճ: Առևտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 43 գործարք։

Ընթացիկ տարվա ապրիլին Հայաստանի ֆոնդային բորսայի  կորպորատիվ արժեթղթերի առաջնային  աճուրդների հարթակում տեղաբաշխված կորպորատիվ պարտատոմսերի ծավալը կազմել է 3.8 մլրդ ՀՀ դրամ։

Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի, թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի ապրիլ ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 475.8 մլրդ ՀՀ դրամ, որը 1.5%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ 

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է 2․8 մլրդ ՀՀ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 255 գործարք։ Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը եղել է 99։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 4․9 մլրդ ՀՀ դրամ, որը գերազանցել է 2021թ․-ի ապրիլի համապատասխան  ցուցանիշը 114%-ով կամ ավելի քան 2 անգամ։

2022թ.-ի ապրիլին բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատիկ աճել է՝ հասնելով 84․5 մլն ՀՀ դրամի։ Շուկայի կապիտալիզացիան  նախորդ տարվա համեմատ ավելացել է  60%-ով՝ հասնելով 255.3 մլրդ ՀՀ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 70 գործարք։