2021թ.-ին ՀՀ կենտրոնական բանկի վարած դրամավարկային քաղաքականությունն ուղղված է եղել կանխատեսվող 3 տարվա հորիզոնում 12-ամսյա գնաճի 4% թիրախային մակարդակի ապահովմանը: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է Հայաստանի կենտրոնական բանկի կողմից հրապարակված 2021թ.-ի տարեկան հաշվետվությունից:

2021թ.-ին ՀՀ ԿԲ-ն, հաշվի առնելով ստեղծված մակրոտնտեսական իրավիճակը և առաջնորդվելով ապագային միտված քաղաքականության իրականացման սկզբունքով, շարունակել է աստիճանաբար բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը՝ չեզոքացնելով դրամավարկային խթանող դիրքը: 2021թ.-ի ընթացքում քաղաքականության տոկոսադրույքը բարձրացվել է ընդհանուր հաշվով 2.5 տոկոսային կետով՝ տարին ամփոփելով 7.75%-ով:

Ինչ վերաբերում է գնաճին, ապա 2021թ.-ի ընթացքում 12-ամսյա ընդհանուր և բնականոն գնաճը դրսևորել են աճողական վարքագիծ, իսկ տարեվերջին, իրականացված դրամավարկային քաղաքականության ազդեցությամբ, որոշակի նվազել են:

2021թ.-ի ընթացքում, չնայած պարբերաբար կորոնավիրուսի համավարակի նոր ալիքների բռնկմանն ու արագ տեմպերով տարածմանը, դրա բացասական ազդեցությունը ՀՀ տնտեսության և ֆինանսական շուկայի վրա եղել է մեղմ՝ պայմանավորված պատվաստումների լայնամասշտաբ կիրառմամբ և խիստ սահմանափակումներից զերծ մնալու հանգամանքով:

2021թ.-ին Կենտրոնական բանկի իրականացրած մակրոպրուդենցիալ քաղաքականությունն ուղղված է եղել համակարգի կողմից տնտեսության վարկավորման անընդհատության պահպանմանը, ուստի կապիտալի հակացիկլիկ բուֆերը պահպանվել է 0% մակարդակում: 

Հաշվետվությունում նշվել է, որ 2021թ.-ին Կենտրոնական բանկը շարունակել է անկանխիկ գործառնությունների զարգացմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակման աշխատանքները, ինչի արդյունքում 2021թ.-ին ՀՀ-ում վճարային քարտերով կատարված գործառնությունների ծավալն աճել է 32.4%-ով, իսկ քանակը՝ 54.7%-ով:

Ի տարբերություն նախորդ տարիների՝ 2021թ.-ին կանխիկ դրամի զանգվածը շրջանառության մեջ նվազել է 0.6%-ով: Սակայն Կենտրոնական բանկի դրամարկղային շրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 29.6%-ով: 2021թ.-ին ընթացքում Կենտրոնական բանկի ընդհանուր դրամարկղային շրջանառությունը կազմել է 3,581.2 մլրդ ՀՀ դրամ:

Հաշվետվության համաձայն՝ 2021թ.-ի արդյունքներով ՀՀ միջազգային պահուստներն աճել են շուրջ 614 մլն ԱՄՆ դոլարով և տարեվերջին կազմել շուրջ 3,230 մլն ԱՄՆ դոլար:

Պահուստների փոփոխությունը պայմանավորող հիմնական գործոններն են վարկերի ու փոխառությունների ստացումը (շուրջ 1003.2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք),  արտաքին պարտքի սպասարկումը (շուրջ 460 մլն ԱՄՆ դոլարին համարժեք), ներքին շուկայում արտարժույթի զուտ վաճառքը (շուրջ 134 մլն ԱՄՆ դոլարին համարժեք), ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների և բանկերի թղթակցային հաշիվների մնացորդների աճը (շուրջ 378 մլն ԱՄՆ դոլարին համարժեք):