Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մակրոտնտեսական ցուցանիշ է, որը հաշվարկվում է մեկ տարվա ընթացքում երկրում ստեղծված համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) և երկրի մշտական բնակչության թվի հարաբերությամբ: Այս ցուցանիշի միջոցով հնարավոր է լինում համեմատություն անցկացնել տարբեր երկրների միջև՝ ընդհանուր պատկերացում կազմելով դիտարկվող երկրների քաղաքացիների կենսամակարդակի վերաբերյալ:
Օրինակ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով աշխարհի առաջատար երկրներն Քաթարը, Լյուքսեմբուրգը, Սինգապուրը, Իռլանդիան: Ինչպես հայտնի է՝ այս երկրներում բարձր է նաև բնակչության կենսամակարդակը, ինչից հետևում է, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի և կենսամակարդակի միջև կա ուղիղ կապ՝ որքան բարձր է ցուցանիշը, այնքան բարձր է նաև կենսամակարդակը:
Այս իմաստով Հայաստանի և հարևան երկրների միջև համեմատություն անցկացնելը հետաքրքրական է դառնում նրանով, որ վերջին երկու տարիներին Հայաստանի ցուցանիշը բավական արագ է աճում՝ անցնելով Վրաստանի համապատասխան ցուցանիշից և ընդհուպ մոտենալով Ադրբեջանի ցուցանիշին: Սակայն մինչ համեմատություն անցկացնելը, նշենք մի կարևոր նրբություն. առկա է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի երկու տեսակի ցուցանիշ՝ անվանական (GDP per capita, current prices) և գնողունակության համարժեքությամբ հաշվարկված ցուցանիշ (GDP per capita, Purchasing power parity): Դիտարկենք առաջինը:
Երկիր |
Միավոր |
2017 |
2018 |
2019 |
2020 |
2021 |
2022 |
2023 |
2024 |
Հայաստան |
ԱՄՆ դոլար |
3,869 |
4,188 |
4,528 |
4,759 |
5,060 |
5,379 |
5,702 |
6,044 |
Ադրբեջան |
ԱՄՆ դոլար |
4,212 |
4,722 |
4,689 |
4,719 |
4,796 |
4,941 |
5,133 |
5,350 |
Վրաստան |
ԱՄՆ դոլար |
4,047 |
4,346 |
4,289 |
4,626 |
5,035 |
5,463 |
5,859 |
6,277 |
Աղյուսակում ներկայացված են ԱՄՀ տվյալները և 2020-24 թվականների համար կառույցի կողմից իրականացված կանխատեսումները, որոնց համաձայն՝ Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի անվանական ցուցանիշը 2019-ին կազմել է 4 հազար 528 դոլար (վերջնական ցուցանիշը կհստակեցվի փետրվար-մարտ ամիսներին): Այն 239 դոլարով ավել է Վրաստանի համար գնահատվող համանման ցուցանիշից և ընդամենը 161 դոլարով զիջում է Ադրբեջանի ցուցանիշին: Միևնույն ժամանակ ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2020թ-ին այս ցուցանիշով Հայաստանն առաջ կանցնի նաև Ադրբեջանից:
Անվանական արտահայտությամբ այս ցուցանիշը դիտարկելիս պետք է նկատի ունենալ, որ այն չի կարող օբյեկտիվ պատկեր արտացոլել երկրների միջև համեմատություն անցկացնելիս, քանի որ նույն պայմանական 1 դոլարով տարբեր երկրներում տարբեր ծավալի ապրանքներ և ծառայություններ է հնարավոր գնել: Համեմատությունն օբյեկտիվ դարձնելու համար տնտեսագիտության մեջ կիրառվում է Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն հաշվարկված գնողունակության համարժեքությամբ:
Երկիր |
Միավոր |
2017 |
2018 |
2019 |
2020 |
2021 |
2022 |
2023 |
2024 |
Հայաստան |
Գնողունակության պարիտետ, դոլար |
9,496 |
10,273 |
11,083 |
11,845 |
12,632 |
13,464 |
14,351 |
15,297 |
Ադրբեջան |
Գնողունակության պարիտետ, դոլար |
17,634 |
18,023 |
18,616 |
19,156 |
19,734 |
20,331 |
20,973 |
21,653 |
Վրաստան |
Գնողունակության պարիտետ, դոլար |
10,663 |
11,429 |
12,227 |
13,200 |
14,029 |
14,931 |
15,892 |
16,915 |
Գնողունակության համարժեքությունը հաշվի առնելու դեպքում Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով 2019թ-ի նախնական տվյալներով առաջ չէ ոչ Վրաստանից և ոչ էլ Ադրբեջանից, սակայն ակնկալվում է, որ առաջիկա տարիներին կմոտենա այդ երկրների ցուցանիշներին:
Գնողունակության համարժեքությունը ենթադրում է որոշակի ապրանքների և ծառայությունների զամբյուղի նկատմամբ տարբեր արժույթների գնողունակության համադրում: Օրինակ ակնհայտ է, որ Հայաստանն անվանական ցուցանիշով 2019-ին առաջ է անցնում Վրաստանից, սակայն գնողունակության համարժեքությամբ դիտարկելիս նույն 2019-ին Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով զիջում է Վրաստանին մոտ 1,144 դոլարով, ինչը նշանակում է, որ նույն քանակի արժույթով Վրաստանում հնարավոր է ավելի շատ ապրանք և ծառայություն ձեռք բերել, քան Հայաստանում:
Նշվածից կարող ենք եզրակացնել, որ վերջին երկու տարիներին առկա է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի անվանական ցուցանիշի ավելացման դրական միտում, որը շարունակվելու է նաև առաջիկա տարիներին: Սակայն Հայաստանում դրամի գնողունակությունն ավելի ցածր է, քան հարևան երկրներինը, ինչը հնարավոր է շտկել գների կայուն պահպանմամբ և առաջանցիկ տնտեսական աճի տեմպերով:
Հեղինակ՝ Ինգա Ղալայան