Համաշխարհային բանկի կողմից հրապարակված 2020 թվականի Գլոբալ տնտեսական հեռանկարներ (GEP) հունվարյան զեկույցի համաձայն` Հայաստանում տնտեսական աճի կանխատեսումները կայուն բնույթ են կրում: Միևնույն ժամանակ ՀԲ-ն բարելավել է 2019թ.-ին Հայաստանի տնտեսական աճի գնահատականը՝ 5.5 տոկոսից դարձնելով 6.9 տոկոս:

«Թեև տնտեսական աճի տեմպերը Հարավային Կովկասում նվազման միտում ունեն, սակայն Հայաստանի աճի կանխատեսումները կայուն բնույթ են կրում` ի տարբերություն հարևան երկրների: Մասնավորապես, 2020-ի համար կանխատեսվում է 5.1%, 2021 և 2022-ին՝ 5.2%»,- ասված է զեկույցում:

Ըստ զեկույցի` Հայաստանում մասնավոր սպառումը, արդյունաբերական հզոր գործունեությունը և օգտակար հանածոների արդյունահանման վերականգնումը նպաստեցին Հարավային Կովկասում տնտեսական աճի արագացմանը` հասցնելով մոտ 3,7 տոկոսի:

Ըստ ՀԲ-ի՝ Վրաստանում տնտեսական աճն արագացել է՝ չնայած Ռուսաստանի սահմանած ավիափոխադրումների արգելքին: Թուրքիայում ևս նախատեսվում է տնտեսական աճի տեմպի վերականգնում:

Գլոբալ տնտեսական զեկույցի համաձայն` 2019 թվականին Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տնտեսական աճը վերջին երեք տարվա ամենացածր ցուցանիշն է գրանցել` 2 տոկոս: Պատճառը 2018 թվականին ֆինանսական շուկայում լուրջ ցնցումների ազդեցության պատճառով Թուրքիայում տնտեսական ակտիվության կտրուկ անկումն է, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում նավթի պահանջարկի և արդյունահանման ցածր մակարդակը: