Ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների՝ համաշխարհային տնտեսական աճի դինամիկան համաշխարհային ճգնաժամից հետո վերջապես կարող է դրական փոփոխություններ արձանագրել։

2020թ.-ին կանխատեսվում է 2.5% համաշխարհային տնտեսական աճ: Ինչը նախորդ տարվա 2,4% աճի դիմաց այդքան էլ բարձր ցուցանիշ չէ, քանի որ ըստ ՀԲ կիսամյակային կանխատեսումների՝ արևտրի և ներդրումների ծավալների նորմալ մակարդակը դանադաղ տեմպերով վերականգնվում են: 

Ըստ կանխատեսումների.

  • զարգացած երկրներում տնտեսական աճի տեմպը դանդաղելու է մինչև՝ 1,4%՝ նախորդ տարվա 1,6%-ի դիմաց,

  • զարգացող երկրներում տնտեսական աճը կարող է հասնել մինչև 4,1%` նախորդ տարվա 3,5%-ի դիմաց:

Ամեն դեպքում ենթադրվում է, որ համաշխարհային տնտեսական աճն ապահովվելու է ընդամենը մի քանի խոշոր անցումային տնտեսություն ունեցող երկրների հաշվին, որոնք տնտեսական անկումից կամ տատանումներից հետո տնտեսական կայունացման փուլում են գտնվում: Շատ երկրների համար աճի տեմպերը դանդաղելու են՝ ներդրումների և արտահանման ցածր մակարդակի պատճառով:

Մտահոգիչ է այն փաստը, որ եթե նույնիսկ վերը նշված երկրներում գրանցվի կանխատեսվող տնտեսական աճը, ապա միևնույնն է մեկ շնչին բաժին ընկնող եկամուտները մնալու են ցածր մակարդակում, քանի որ աճի դինամիկայի դանդաղ տեմպը հնարավորություն չի տալիս արմատականորեն վերացնել աղքատությունը:  Ըստ այդմ՝ ամենադանդաղը կաճեն Աֆրիկական երկրների եկամուտները, քանի որ այնտեղ է գտնվում երկրի աղքատ բնակչության 56%-ը: 

Պետք է նշել, որ նույնիսկ նման մեղմ կանխատեսումների դեպքում կան գործոններ, որոնք կարող են բացասաբար ազդել տնտեսական աճի ցուցանիշի վրա։ Մասնավորապես.

Առաջնային գործոններ.

  • Համաշխարհային պարտքի ծավալների դինամիկ աճ։

Ամենալուրջ խնդիրը, որը կարող է բացասական ազդել տնտեսական աճի վրա՝ զարգացած և զարգացող երկրներում վերջին 50 տարվա ընթացքում պետական պարտքի ծավալների ամենամեծ դինամիկ աճն է: 2018թ. պարտք/ՀՆԱ հարաբերությունը հասել է 170%-ին, 2010թ.-ի՝115%-ի դիմաց: Ընդ որում պարտքն ավելացել է նաև ցածր եկամուտ ունեցող երկրներում 2000-2010թթ.-ի անկումից հետո:

Նման դինամիկան կանխարգելելու համար երկրների կառավարությունները պետք է հնարավորինս նվազեցնեն պետական պարտքի ավելացման հետ կապված ռիսկերը։ Կոշտ կարգավորիչները, ֆինանասների արդյունավետ կառավարումը, ընդհանուր միջազգային ստանդարտները կարող են նպաստել, որ վերցված պարտքը ավելի արդյունավետ ծախսվի։

  • Երկարաժամկետում արտադրողականության աճի դանդաղ տեմպեր։

Անցումային տնտեսություն ունեցող և զարգացող երկրներում միջինում մեկ աշխատողին բաժին ընկնող արտադրանքը զարգացած երկրներում այդ ցուցանիշի ⅕-րդից ավելի քիչ է, իսկ ցածր եկամուտներ ունեցող երկրներում այդ հարաբերակցությունը հասնում է մինչև 2%-ի։ 

Արտադրողականության բարձրացման համար անհարաժեշտ է խթանել մասնավոր և պետական ներդրումները, բարձրացնել աշխատուժի մասնագիտական հմտությունները, առկա ռեսուրսները ուղղել դեպի ավելի բարձր արդյունավետություն ապահովող ոլորտներ, խթանել նորարարությունը, աջակցել մակրոտնտեսական և ինտիտուցիոնալ բարենպաստ միջավայրի  ստեղծմանը։

Երկրորդային գործոններ

  • գնաճի կառավարման բացասական հետևանքները,

  • ցածր եկամուտ ունեցող երկրներում հնարավոր ինֆլյացիան,

  • առևտրային վեճերի սրում, 

  • աշխարաքաղաքական լարվածության սրում,

  • տնտեսական շոկեր, 

  • համաշխարհային տնտեսության կարևոր ներկայացուցիչների՝ օրինակ՝ Չինաստանի կամ ԱՄՆ-ի կանխատեսվածից ավելի շատ տնտեսական աճի տեմպի նվազում,

  • և այն։

Ինչպես տեսնում ենք, առկա են մի շարք գործոններ, որոնք կարող են ազդել կանխատեսվող ցուցանիշների վրա։ Եվ քաղաքական գործիչները կարող են  լարվածությունը թուլացնելով ու առկա խնդիրներներն անցնցում լուծելով նպաստել՝ ավելի մեծ տնտեսական աճ ապահովելուն։