Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) փետրվարի 11-ին հայտնել էր, որ բացահայտվել է ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու, ղեկավարելու և դրանում առանձնապես խոշոր չափերով գումարներ ներգրավելու դեպք, ինչի առիթվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական գործ էր հարուցվել: «Հետք»-ը դատախազության հանրային կապերի բաժնից ճշտել էր, որ խոսքը «Օնիքսում» ընկերության մասին է։

 «Օնիքսում»-ի սեփականատերը կանադաբնակ իրանցի Մոհամադ-Ֆարիդ Զաեմ Զադեհն էր (Mohamad Farid Zaem Zadeh), որի բիզնեսը մեր երկրում ընդլայնվում է հայաստանցի, այսպես կոչված, «լիդերների» միջոցով: «Օնիքսում»-ը՝ ըստ էության ներկայանում է որպես «ոչ ավանդական» տուրիստական կազմակերպություն, որը ամրագրում է հյուրանոցային համարներ աշխարհի տարբեր երկրներում և միաժամանակ առաջարկում է իր հաճախորդներին հավելյալ օգուտներ ստանալ` ցանցային մարքեթինգի միջոցով։ Իրականում դա գեղեցիկ փաթեթավորված ֆինասնական բուրգ է իրենից ներկայացնում։ 

 

Ինչպե՞ս է այդ ամենը աշխատում։

I Պոտենցիալ «զոհի» վրա լուրջ տպավորություն թողնելու համար անհրաժեշտ է հետևյալ գործոնների համակցությունը։ 

Այս ամենի վրա ծախսվում են սկսնակ բիզնեսի համար անտրամաբանական մեծ գումարներ։ Օգտագործվում են բոլոր հնարավոր մեթոդները պոտենցիալ հաճախորդներին «թակարդը» գցելու համար։ 

 II Խոստումնալից ներկայանալուց հետո` ընկերության աշխատակիցները մանրամասն ներկայացնում են ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, որոնք 2-ն են.

Առաջինը՝ հանգստանալ ցանկացողներին վաճառել տուրիստական փաթեթներ, որոնք հնարավորություն են տալիս 1-10 տարի ժամանակահատվածում փաթեթում ներառված երկրներում կոնկրետ օրերի թվով ամրագրել հուրանոցային համարներ։

Երկրորդը և հիմնականը՝ հաճախորդներին դարձնել «մեծ թիմի» անդամ և առաջարկել «շատ» շահավետ բիզնես վարել։

Թիմի անդամը դառնում է ցանցային մարքեթինգի մի օղակը և պարտավորվում է ներգրավել նոր հաճախորդներ, իր հաճախորդներին էլ հորդորել ներգրավել նոր հաճախորդներ և այդպես շարունակ։ Իսկ ընկերությունն էլ իր հերթին փայաբաժին է տալիս այդ անձին և՛ իր բերած հաճախորդների կողմից գնված փաթեթներից, և՛ իր հաճախորդների կողմից բերված անձանց կողմից գնված փաթեթներից և այդպես շարունակ։

Ծրագիրը առաջարկում է 3 կամ 4 հյուրանոց, և եթե հաճախորդին դուր չի գալիս նա թերթում է էջը այնքան մինչև իրեն համապաատասխան հյուրանոց գտնի։ 

Այստեղ, իհարկե կա մի նրբություն՝  աշխատակցուհիների առջև դրված է գերխնդիր՝ համոզել հաճախորդին, որ դա իրենց կյանքի լավագույն ընտրություններից մեկն է, և որ իհարկե, դրա նպատակը հյուրանոց ամրագրելը չէ, այլ գերշահույթներ ստանալը։ Այսինքն, հնարավորինս գեղեցիկ և տերմիններով հագեցած լեզվով ներկայացնում են ցանցային մարքեթինգի շահավետ կողմերը, և փաստում, որ աշխարհում ավելի լավ գովազդի տարբերակ չկա։ Ոչ բավարար գիտելիքներ ունեցող անձինք հաճախ մտածում են, որ «ջեքպոտ» են շահել և իրենք այն ընտրյալն են, ով շատ կարճ ժամանակում հարստանալու է։ 

Պատկերավոր տեսնելու համար ներկայացնենք առաջարկվող ցանցային մարթեքինգի մոդելը նկարի տեսքով.

Օրինակ, եթե Արենը գնի փաթեթ, ապա իր գնված փաթեթից փայաբաժին կունենան և՛ Նարեկը, և՛ Մանեն, և՛ Հայկը, և՛ Գոռը, և՛ Արմինեն, և՛ Դավիթը, և՛ Արամը։ Դա ցանցային մարքեթինգի հիմքն է, սակայն այսպիսի ընկերություններում միջնորդավճարները բավականին բարձր են՝ յուրաքանչյուր օղակի ներկայացուցիչ կարող է ստանալ օրինակ՝ 5%: Պարզ մաթեմատիկական հաշվարկով ստացվում է, որ Արենի գնած փաթեթից ընկերությունը նվազագույնը 35%-ը վճարվում է որպես միջնորդավճար։ Նվազագույնը 2% կազմում են ընկերության ներկայացուցչական ծախսերը (տարածքի վարձակալություն, աշխատողների աշխատավարձ, կոմունալ ծախսեր, գովազդի վրա ծախսվող գումարներ և այլն), իսկ հարկային բեռը նվազագույնը 5% է կազմում։ Գումարային ստացվում է, որ Արենի գնած փաթեթի գումարի նվազագույնը 42%-ը ծախս է։ Ընդ որում, այդ նորաթուխ ընկերությունները առաջարկում են հյուրանոցների ամրագրման ավելի ցածր գին, քան շուկայում կայացած տուրիստական ընկերությունները, որոնք ունեն հյուրանոցների հետ երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ։ Առողջ բանականության սահմանններից դուրս է, որ այդ ընկերությանը աշխարհի հազարավոր հյուրանոցներ առաջարկում են 30-40%-ով ավելի էժան գին։ Զուգահեռ պետք հաշվի առնել, որ ընկերությունը բարեգործական չէ, և նվազագույնը գոնե 5% շահույթ պետք է ստանա իր գործունեությունից։ Սակայն նման ծախսերի պարագայում հնարավոր չէ նույնիսկ հյուրանոցի ամրագրման ծախսը հոգալ, ինչ մնաց շահույթ ստանալ։ 

 

Այստեղ հարց է առաջանում՝ո՞րն է վերջիվերջո այս ընկերության օգուտը։

 

Օգուտն այն է, որ իրականում սա հին և բարի ֆինանսական բուրգի դասական մեթոդն է՝ մի փոքր նորարացված։ Եվ ընկերությունը ստանում է ոչ թե խղճուկ 5% կամ 10% շահույթ, այլ գերշահույթներ։ Ինչքան շատ մարդ է ներգրավվում այդ գործընթացի մեջ, այնքան ավելի երկար կյանք է ունենում այդ ընկերությունը։ Սակայն ուշ թե շուտ գալիս է այն օրը, երբ ընկերության ֆինանսները չեն բավարում ֆինանսական պարտավորությունները մարելու համար և փուչիկը պայթում է. ընկերությունը սնանկ է ճանաչվում, իսկ «լավագույն առաջարկ ստացածները» մնում են ձեռնունայն։

Ներկայացնենք այդ ընկերությունների հիմնական լոզունգները և արդարացումները, որոնցով փորձում են նոր «զոհերի» ներգրավել.

  • Ցանցային մարքեթինգը աշխարհի լավագույն գովազդի ձևն է, այդ պատճառով մենք հաջողություն կունենանք,
  • Այս առաջարկին նայեք որպես բիզնես, ոչ թե հանգստանալու միջոց,
  • Սա Ձեզ ընձեռված հրաշալի հնարավորություն է մեծ գումարներ վաստակելու,
  • Ներգրավեք Ձեր մտերիմներին նույնպես, թող իրենք էլ օգտվեն այս «շանսից»,
  • Մեզ մոտ ամեն ինչ օրինական է, մենք աշխատում ենք լավագույն իրավաբանների հետ,
  • Եթե ցանակցնում եք մենք հենց վաղն էլ, մյուսն էլ, էն մյուս ….. օրն էլ կկապնվենք Ձեզ հետ, որ դուք կայացնեք Ձեր «ճիշտ որոշումը»,
  • Ընդամենը մեկ փաթեթ գնելով դուք կարող եք 1000-ավոր դոլարներ վաստակել,
  • Ձեր փաթեթում առկա օրերը իմաստ չունի հիմա օգտագործել, ավելի լավ է սպասեք մյուս տարի օգտագործեք, իսկ հիմա նոր հաճախորդներ ներգրավեք։ 
  • Շարունակելի...

 

Այսպիսի մեթոդներով նման կազմկերպությունները փորձում են մարդկանց իրենց ծուղակը գցել, և հիմնականում ընտրում են այնպիսի մարդկանց, ովքեր առանձնապես մեծ գիտելիքներ չունեն ֆինանսների, իրավաբանության, տուրիզմի ոլորտներում։ Մեր նկարագրած իրավիճակների դեպքում, խորհուրդ ենք տալիս ուղղակի ժպտալ և հեռանալ այդտեղից՝ Ձեզ և Ձեր հարազատներին ավելորդ խնդիրներից ձերբազատելու համար։

 

Տնտեսագետ՝ Լիլիթ Կռոյան