Հունվարի 1-ից անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային առաքանիներով ՀՀ ներկրելու կարգը փոխվել է, ինչի արդյունքում փոփոխվել են առանց մաքսազերծման ներկրում կատարելու սահմանաչափերը: ՊԵԿ փոխանցմամբ՝ տվյալ փոփոխությունն իրականացվել է ԵՏՀ 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման համաձայն։
Հունվարի 1-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային առաքանիներով (Globbing, Onex և այլն) ՀՀ ներկրելու դեպքում, եթե ապրանքի արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, և քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը, ապա այն ներմուծվում է առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման:
Եթե ներմուծվող ապրանքի ընդհանուր քաշը գերազանցում է 31 կիլոգրամը, կամ արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամը, ապա պետք է վճարվեն մաքսատուրք և համապատասխան հարկեր՝ գերազանցող մասի համար 15% միասնական դրույքաչափով, սակայն ոչ պակաս, քան 31 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար 2 եվրոյին համարժեք ՀՀ դրամը:
Օրինակ 1. Եթե ապրանքի արժեքը 180 եվրո է, իսկ քաշը 5 կգ, ապա հարկերի և մաքսատուրքի չափը կկազմի 0 դրամ։
Օրինակ 2. Եթե ապրանքի արժեքը 500 եվրո է, իսկ քաշը 30 կգ, ապա հարկերի և մաքսատուրքի չափը կկազմի (500-200)*15%=45 եվրոյին համարժեք դրամ։
Օրինակ 3. Եթե ապրանքի արժեքը 120 եվրո է, իսկ քաշը 45 կգ, ապա հարկերի և մաքսատուրքի չափը կկազմի (45-31)*2=28 եվրոյին համարժեք դրամ։
Օրինակ 4. Եթե ապրանքի արժեքը 230 եվրո է, իսկ քաշը 70 կգ, ապա հարկերի և մաքսատուրքի չափը կկազմի (70-31)*2=78 եվրոյին համարժեք դրամ։
Փոփոխությամբ վերացվել է առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման ֆիզիկական անձանց կողմից փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային առաքումներով ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների հաճախականության սահմանափակումները։ Այսինքն, եթե օրինակ 2019թ.-ին միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման համար մեկ ամսվա ընթացքում կարելի էր ներմուծել ընդհանուր արժողությամբ 500 եվրոին համարժեք դրամը և 31 կիլոգրամը չգերազանցող ապրանք, ապա հիմա կարելի է անսահմանափակ հաճախականությամբ առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման ներմուծել 200 եվրոին համարժեք դրամը և 31 կիլոգրամը չգերազանցող ապրանք։