EconoMood-ն ամփոփել է 2019 թվականի հիմնական տնտեսական արդյունքները:

2019 թվականին գրանցվել է առաջանցիկ տնտեսական աճ. 2019-ին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 7.6%, որն ամենաբարձր ցուցանիշն է 2008 թվականից ի վեր: Արձանագրված 7.6% տնտեսական աճի մակարդակն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ երկրների (Ռուսաստան՝ +1.3%, Ղազախստան՝ +4.5%, Բելառուս՝ +1.2%, Ղրղզստան՝ +4.5%), հարևան բոլոր երկրների (Վրաստան՝ +5.2%, Ադրբեջան՝ +2.2%, Թուրքիա՝ +0.2%, Իրան՝ -9.5%) և եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատությամբ:

2019 թվականի ընթացքում Հայաստանի տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական համակարգի կայուն ցուցանիշներով։ Տնտեսական աճի բարձր ցուցանիշ արձանագրելուն մեծապես նպաստել է մշակող արդյունաբերության ճյուղը, որն աճել է 12%-ով, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտը՝ 27.2% աճով, հանքարդյունաբերությունը՝ 21.3% աճով, առևտուրը՝ 9.3% աճով, շինարարության ոլորտը՝ 4.2% աճով:

Մշակող արդյունաբերությունը 2019 թվականին աճել է 12%-ով` 2008 թվականից ի վեր առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում 12․1% կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը:

Արդյունաբերության ճյուղում 2017 թվականից հետո հանքարդյունաբերության մասնաբաժինը շարունակաբար նվազում է: 2019-ին այն նվազել է ավելի քան 3․4 տոկոսային կետով: Դրան հակառակ մշակող արդյունաբերության մասնաբաժինը երկրորդ տարին անընդմեջ ավելացել: 2017-ի համեմատ մշակող արդյունաբերության մասնաբաժինն ավելացել է 7.2 տոկոսային կետով։

Տնտեսության մեջ ամենաարագ աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ոլորտում ծառայությունների ոլորտը` 27.2% աճով, ինչը զբոսաշրջության ոլորտի բարձր աճի հետևանք է: Երկրորդ բարձր ոլորտային աճը արձանագրել են ֆինանսական և ապահովագրական ծառայությունները` 22% չափով:

2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2․1 մլրդ դոլար, ինչը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 465 միլիոն դոլարով կամ 27․6%-ով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 635 միլիոն դոլարով կամ 41%-ով:

Հատկանշական է, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2019-ին կազմել է 4,604 դոլար, իսկ 2018-ին այդ ցուցանիշը կազմել էր 4,186 դոլար, իսկ 2017-ին՝ 3,868 դոլար:

2019 թվականի ընթացքում գրանցվել են նաև տնտեսական շոշափելի արդյունքներ. Բարձր տնտեսական աճի, հարկունակ ստվերի կրճատման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի շնորհիվ 2018-2019 թվականների ընթացքում Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի մուտքերն ավելացնել 505․4 միլիարդ դրամով կամ 43.6%-ով: Դրանից 200 մլրդ դրամը վերադարձվել է տնտեսվարողներին՝ նրանց նկատմամբ պետության ունեցած պարտքերի մարման նպատակով, ինչը գոյացել էր մինչև 2018 թվականը:

2019 թվականին ստվերային տնտեսության կրճատման հիմնական ցուցիչ հանդիսացող Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 22.3%, ինչը 1.38 տոկոսային կետով ավելին է, քան նախորդ տարվա ցուցանիշը (20.95%): 2019 և 2018 թվականների Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշների տարբերության 1.38 տոկոսային կետն, այլ հավասար պայմաններում, համարժեք է 90.7 մլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտների, որն էլ, այլ հավասար պայմաններում, ապահովվել է հարկունակ ստվերային տնտեսության կրճատման հաշվին:

Սոցիալական ազդեցություն. Բյուջեի հարկային եկամուտների աննախադեպ ավելացման շնորհիվ միջինը 10%-ով բարձրացվել են կենսաթոշակները և նպաստները, զգալիորեն բարձրացվել են ուսուցիչների, դասախոսների, զինծառայողների, փրկարարների, անտառապահների, սոցիալական աշխատողների, Երևանի շտապ բժշկական օգնության, երաժշտական և արվեստի դպրոցների, ստեղծագործական կենտրոնների և այլ կառույցների աշխատակիցների աշխատավարձերը: Այս ուղղությամբ պետական բյուջեից ուղղվել է ավելի քան 71.6 մլրդ դրամ հավելյալ գումար: Նվազագույն աշխատավարձը բարձրացվել է 24%-ով՝ 55 հազարից դառնալով 68 հազար:

Լուծվել կամ վերջնական լուծման փուլում են գտնվում Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների, մանկատան շուրջ շրջանավարտների, Աղետի գոտու ընտանիքների բնակարանային խնդիրները, իսկ 2020-ի բյուջեով հավելյալ 3 մլրդ դրամով նախատեսվում է վերջնական լուծել աղետի գոտու բնակարանային բոլոր խնդիրները:

Պետական եկամուտների ավելացման արդյունքում Կառավարության համար հիմնավոր հնարավորություն է ստեղծվել գրեթե վերացնել կամ էականորեն նվազեցնել հարկային բեռը փոքր տնտեսվարողների համար: Միկրո ձեռնարկությունների հարկային բեռը 2020թ-ից նվազեցվել է միջինը 4 անգամ: