Վերջերս ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել էր Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 20-րդ զեկույցը, որտեղ ամփոփ ներկայացված է Հայաստանի աղքատության մակարդակի գնահատականը և վերջին տասնամյակում սոցիալական վիճակի ու կենսապայմանների փոփոխությունները: 

Ընդհանրապես Հայաստանում աղքատության մակարդակը գնահատելու համար որպես բարեկեցության ցուցանիշ օգտագործվում են սպառմանն ուղղված ծախսերը: 

2018 թվականին 2017-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 8.6%-ով կամ 2.2 տոկոսային կետով և կազմել 23.5%։ 2018թ-ին արձանագրված աղքատության մակարդակն ամենացածրն է այս ցուցանիշն է վերջին տասնամյակում:

Աղքատ են համարվել այն տնային տնտեսությունները, որոնց ամսական սպառումը ցածր է եղել աղքատության վերին գծից, այսինքն 42 հազար 621 ՀՀ դրամից: Աղքատության մեջ տարանջատվում են նաև չափավոր և ծայրահեղ աղքատները, որոնց համար որպես ամսական սպառում է սահմանվել. չափավոր աղքատ համարվելու համար՝ մոտ 35 հազար դրամ, իսկ ծայրահեղ աղքատների սպառումը ցածր է պարենային գծից՝ մոտ 25 հազար ՀՀ դրամ:

2017-ի համեմատ կրճատվել է նաև ծայրահեղ և չափավոր աղքատությունը: 2008-ի համեմատ 2018-ին ծայրահեղ աղքատությունը կրճատվել է 0.6 տոկոսային կետով, իսկ չափավոր աղքատների թվաքանակը նվազել է 2 տոկոսային կետով: 2018թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 700 հազար մարդ (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), որոնցից չափավոր աղքատների թվաքանակը 285 հազար է, իսկ ծայրահեղ աղքատների թվաքանակը` 30 հազար մարդ:

Աղքատության մակարդակը քաղաքային բնակավայրերում ավելի բարձր է մոտ 25 տոկոս, քան գյուղական բնակավայրերում՝ 21.3 տոկոս: Չնայած նշված հանգամանքին Երևանի (20տոկոս) և ՀՀ-ի մնացած քաղաքների միջև աղքատության մակարդակների տարբերությունը մեծ է՝ մոտ 10 տոկոս:

Վիճակագրական կոմիտեն իրականացրել է նաև աղքատության սուբյեկտիվ գնահատում, ինչը նշանակում է, որ անհատները հայտնել են իրենց անձնական տեսակետները բարեկեցության վերաբերյալ, ըստ որի աղքատության մակարդակը գնահատվել է 9.4 տոկոս 2008թ.-ի 17.0%-ի համեմատ: Օբյեկտիվ և սուբյեկտիվ աղքատության գնահատականների տարբերությունը մեծ է՝ շուրջ 2.5 անգամ: Բարելավվել են նաև Համաշխարհային բանկի կողմից գնահատականները. Ըստ աղքատության միջազգային գծի (օրական մեկ շնչի հաշվով 1.90 ԱՄՆ դոլար) աղքատության մակարդակը 2001 թվականից ի վեր կտրուկ անկում է ապրել և մնում է շատ ցածր մակարդակի վրա՝ 2018 թվականին կազմելով 2.1 տոկոս:

Սուբյեկտիվ գնահատականներով հիմնական խնդիրներից շարունակում են մնալ ոչ պարենային առաջնային կարիքները և բնակարանային հիմնահարցը, ընդ որում 2018թ.-ին 2017թ.-ի նկատմամբ բնակարանային հիմնահարցը մեղմացել է 2%-ային կետով,իսկ ոչ պարենային առաջնային կարիքներն ավելացել են 3.6%-ային կետով:

Հարցվածների 36 տոկոսի՝ կենսամակարդակը բարձրացնելու ուղղությամբ իրենց ակնկալիքները կապել են կառավարության հետ և նշել, որ իրենից ոչինչ կախված չէ, իսկ մոտ 22 տոկոսը չունի պլաններ: Օբյեկտիվ գնահատականը ցույց է տալիս, որ աղքատների մեծ մասը չի ունեցել աշխատանք, այսինքն խնդիր է նաև նոր աշխատատեղերի ստեղծումը: 2008-2018թթ.-ին աշխատանքի շուկայում ակտիվ բնակչության կազմում վարձու աշխատողների շրջանում աղքատության մակարդակը իջել է` 20.7-ից 18.2%-ը, տնտեսապես ոչ ակտիվ բնակչության կազմում կենսաթոշակառուների մոտ նկատվել է դրական միտում՝ աղքատության մակարդակը նվազել է 27%-ով, իսկ ուսանողների շրջանում այն բարձրացել է 12%-ով: 

 

Իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում աղքատության հաղթահարման ուղղությամբ.

Աղքատության հաղթահարման ուղղությամբ արդեն իսկ կառավարությունն իրականացրել է որոշ քայլեր, մասնավորապես՝ 2019թ-ի հունվարից առաջին անգամ սահմանվել է նվազագույն կենսաթոշակի շեմ՝ 25 հազար 500 դրամ, որն ուղղված էր շուրջ 80 հազար քաղաքացիների, որոնցից մոտ 18 հազարը համարվում են ծայրահեղ աղքատներ: Հաշվի առնելով վերոնշյալը, եզրակացնում ենք, որ 2019-ի աղքատության ցուցանիշն առաջիկայում ևս էականորեն կկրճատվի: Հաշվարկների համաձայն՝ աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 63.2 մլրդ. դրամ՝ ենթադրելով, որ սոցիալական աջակցությունը բարձր հասցեականությամբ կտրամադրվի միայն աղքատներին: Հարկ է նշել, որ նշվածի ուղղությամբ քայլեր մարզերի կտրվածքով իրականացվում են: Օրինակ՝ տարեսկզբից նվազել է նպաստառու ընտանիքների թվաքանակը՝ Լոռիում՝ 1․946 ընտանիքով, իսկ Գեղարքունիքի մարզում 2018 թվականի հոկտեմբեր ամսից մինչ ընթացիկ տարվա սեպտեմբեր ամիսը ընկած ժամանակահատվածում ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը կրճատվել է 983-ով: 

Ի լրումն թվարկվածների՝ 2020թ-ի բյուջեն սոցիալական է. նախատեսվում է սոցիալական պաշտպանությանն ուղղված ծախսերը բարձրացնել 10%-ով: Բացի դրանից՝ 2020թ-ի հունվարի 1-ից շուրջ 24%-ով բարձրանալու է նվազագույն աշխատավարձի մակարդակը՝ կազմելով 68 հազար դրամ՝ գործող 55 հազարի փոխարեն, իսկ կենսաթոշակի մակարդակը բարձրանալու է 10%-ով: 

Այսպիսով՝ հաշվի առնելով նշվածը, կարելի է ակնկալել, որ առաջիկա տարում աղքատության մակարդակն էականորեն կնվազի:

Հեղինակ՝ Տաթևիկ Առուստամյան