Բյուջետային ավիաընկերությունների մուտքը հայկական ավիացիոն շուկա տարաբնույթ քննարկումների տեղիք տվեց: Մասնավորապես, հանրության լայն շրջանակի համար անհասկանալի է թե ինչպես են աշխատում այս ավիաընկերությունները, ինչպես են գեներացնում իրենց շահույթը այն պարագայում, երբ ավիատոմսերն կարող են անգամ ինքնարժեքից ցածր լինել: Սա, այն հիմնական մտագոհությունն է, որով կարծես կասկածի տակ է դրվում այս ավիաընկերություններով իրականացվող չվերթների ապահովությունը: Ստորև ներկայացված են բյուջետային ավիաընկերությունների բիզնես մոդելի հիմնական առանձնահատկությունները և սխեմաները, որոնց կիրառմամբ մինչ օրս դիմակայում են ուժեղ մրցակցությանը այս չափազանց բարդ և մրցակցային ոլորտում։

Բյուջետային ավիաընկերությունների ամենամեծ առավելությունը հենց էժան ավիատոմսերն են։ Լոուքոսթերների գործունեության ոլորտում եկամուտներ կարող են ստանալ միայն այն ավիաընկերությունները, որոնք ունեն մանրակրկիտ մշակված բիզնես մոդել և չափազանց արդյունավետ գործունեություն են իրականացնում։ Ինչպես է նրանց դա հաջողվում: Բիզնեսի մոդելի հիմքում ընկած է «ծախսերի կրճատման հաշվին սպառողներին առաջարկել ցածր գներով ծառայություն` բավարարելով անհրաժեշտ նվազագույն պայմանները» կարգախոսը, այլ կերպ ասած, «Մենք միայն տալիս ենք թռչելու հնարավորույթուն, մնացածի համար պետք է վճարեք»:

Ուղեվարձի խնայողությունների բիզնես մոդելը կառուցված է ծախսերի զսպման որոշ սկզբունքների շուրջ: Մասնավորապես՝

  • Ստանդարտացված ինքնաթիռները նվազեցնում  են մարզման և սպասարկման ծախսերը

Բյուջետային ավիաընկերությունները հետևում են ինքնաթիռների միատեսակության բարձր աստիճանին: Օրինակ ներկայումս իռլանդական Ranair ընկերությունը ունի 83 բազաներ Եվրոպայում և Հյուսիսային  Աֆրիկայում և շահագործում է ավելի քան 450 Boeing 737-800 շարքի ինքնաթիռներ, որոնց միջին տարիքը մոտավորապես 6.5 տարի է, ունեն նաև 210 նոր ինքնաթիռների պատվերներ, որոնք շուտով կհամալրեն առկա տեսականին: Մեկ տեսակի ինքնաթիռ ունենալու առավելությունն այն է, որ ինքնաթիռը սպասարկող անձնակազմին ավելի հեշտ և արագ է լինում մարզել: RyanAir-ի աշխատակիցները սովոր է աշխատել նույն տեսակի ինքնաթիռների վրա՝ օդաչուներից մինչև մաքրող անձնակազմ: Արդյունքում, աշխատակիցները հանգիստ կարող են փոխարինել մեկը մյուսին, քանի որ սպասարկումը յուրատեսակ հմտություններ չի պահանջում:

 

  • Համագործակցություն երկրորդային նշանակության օդանավակայանների հետ

Բյուջետային ավիաընկերությունների բիզնես մոդելի կարևոր բաղադրիչ է նաև տարբերվող քաղաքականությունը օդանավակայանների հետ: Նախ, նրանք նախընտրում են իրենց ինքնաթիռները միշտ օդում պահել, դադարներ գրեթե չեն ունենում (մաքսիմում 30 րոպե)՝ բացառությամբ մաքրելու և սպասարկելու նպատակով: Ինքնաթիռների կահավորման ստանդարտացման շնորհիվ դրա մաքրումը և սպասարկումը ավելի արագ է լինում, ինչը նշանակում է, որ ինքնաթիռը ավելի երկար է լինում օդում և ավելի մեծ շահույթներ է բերում ընկերությանը։ Իսկ դասական ավիաընկերությունները մեծ գումարներ են վճարում հենց օդանավակայանների տարածքում երկար կայանելու համար:

Բացի այդ, որպես կանոն այս ընկերությունները համագործակցում են երկրորդային նշանակության օդանավակայանների հետ, որոնք ունեն վայրէջքի ավելի ցածր տուրքեր և շուկայավարման աջակցություն: Օրինակ հունգարական Wizzair ընկերությունը վայրէջք է կատարում Ստոկհոլմից (Շվեդիա) 100 կմ հեռավորությամբ գտնվող Սկավստա օդանավակայանում, որտեղից Ստոկհոլմ տրանսպորտն արժե մոտ 15-20 եվրո: Նույն տրամաբանությամբ, Երևանից Միլան չվերթը վայրէջք է կատարելու Բերգամո քաղաքում, որը, Միլանից հեռու է մոտ 60 կմ  և որտեղից Միլան ճանապարհային ծախսը կարող է տատանվել 7-10 եվրոյի շրջանակում։

 

  • Վճարովի ուղեբեռ

Ավիատոմսի արժեքը ներառում է միայն ձեռքի փոքր պայուսակ՝ հստակ չափսերով, սակայն հնարավորություն կա նաև լրացուցիչ 10-30 եվրո վճարելու դեպքում ավելացնել համապատասխանաբար 10 կգ և 20 կգ ուղեբեռեր։ Այս սակագինն նույնպես կարող է փոփոխությունների ենթարկվել՝ կախված տոմսի արժեքից։ Ավիաընկերությունների պաշտոնական էջերում մանրամասն նշված է ուղեբեռերի թույլատրելի չափսերը, և գերազանցող մասի սակագները: Հարկ է ընդգծել, որ բավականին խիստ հսկողություն է իրականացվում, ստուգվում են բոլոր ուղեբեռերը, իսկ անճշտությունների դեպքում ուղևորը կարող է տեղափոխել իր ուղեբեռը միայն հավելավճարի պարագայում։ 

 

  • Ավտոմատացում: Տոմսերի առցանց վաճառք և գրանցում (check-in)

Ավտոմատացման շնորհիվ բյուջետային ավիաընկերությունները գրեթե չեն ունենում գրասենյակային անձնակազմ։ Տոմսերի վաճառքն իրականացվում է առցանց, հիմնական դեպքերում ետվերադարձ կամ անվանափոխություն հնարավոր չէ անել, կամ այս ծառայությունները կարող են անյքան թանկ արժենալ, որ գերազանցեն տոմսի արժեքը: Բացի այդ գրեթե անհնար է կանխատեսել թե երբ ավելի ցածր գնով հնարավոր կլինի ձեռք բերել ավիատոմս, բոլոր դեպքերում, ցանկալի է այն գնել մի քանի ամիս առաջ։ Անհրաժեշտ է նաև մինչ թռիչքը գրանցել ավիատոմսը, հակառակ դեպքում տուգանքներ են սպասվում: Համակարգը պատահականության սկզբունքով կընտրի նստատեղ ինքնաթիռում, իսկ եթե կան նախապատվություններ տեղի հետ կապված դրանք ևս մտնում են լրացուցիչ վճարովի ծառայությունների մեջ։ Որպես կանոն, գրանցումը հասանելի է լինում 48 ժամ առաջ: Այս քաղաքականությունը նույնպես ավիաընկերությանը հնարավորություն է տալիս կրճատել սպասարկող անձնակազմի ծախսերը, անգամ եկամուտ ստանալ դրանից:

  • Այլ լրացուցիչ վճարովի ծառայություններ

Այս ավիաընկերությունների մատուցած ծառայությունները էականորեն տարբերվում են դասական ավիաընկերությունների մատուցած ծառայություններից։ Իրականում բյուջետային ավիաընկերությունների ինքնաթիռներում չկան էկոնոմ և բիզնես կարգեր: Տպավորություն է, որ բոլոր ավիատոմսերը պետք է լինեն նույն արժեքի, սակայն իրականում դրանք նույնպես տարբերվում են: Չնայած այն հանգամանքին, որ օդանավի նստատեղերը նեղ են, և չեն բացվում, եթե ուղևորն ունի տեղի նախապատվություն տեղի հետ կապված դրա համար ևս լրացուցիչ գումար պետք է վճարի: Ինքնաթիռի առաջին 2 շարքերը և պատուհանին մոտ նստատեղերը ավելի թանկ արժեն քան մնացածը: Հարկ է նշել, որ երբեմն կարող են լինել անգամ ավիատոմսի արժեքը գերազանցող ծառայությունների վճարներ։ Օրինակ տոմսի անվանափոխությունն արժի  մոտ 120 եվրո։

 

Այսպիսով, ավտոմատացման, ծախսերի օպտիմալացման և մասշտաբի էֆֆեկտի հաշվին բյուջետային ավիաընկերություններին հաջողվում է դիմակայել մրցակցությանը և հաջողություններ գրանցել այս ոլորտում: Իսկ նմանատիպ ավիաընկերություններից օգտվող քաղաքացիներին միայն հորդորում ենք մանրամասն ուսումնասիրել թռիչքի պայմանները, հետևել դրանց և ճամփորդել մատչելի ավիատոմսերով: Չէ որ, ինքնաթիռն ընդամենը փոխադրամիջոց է, որի անվտանգային պայմանները համապատասխանում են միջազգային ստանդարտներին, իսկ հարմարավետությունը կարելի է և զիջել ցածր ավիատոմսի արժեքին: